Xilinx ընկերությունը կդադարեցնի դետալներ մատակարարել թուրքական Roketsan հրթիռների համար

Ամերիկյան Xilinx ընկերությունը կդադարեցնի մասերի մատակարարումը թուրքական Roketsan հրթիռների համար։ Այդ մասին ասվում է ընկերության ներկայացուցիչ Թարա Սիմսի հայտարարության մեջ՝ ի պատասխան Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ANCA) հարցման։

«Վերջերս իմացանք, որ Xilinx չիպերն օգտագործվել են զինված անօդաչու թռչող սարքերում, որոնք օգտագործվել են հայ քաղաքացիական բնակչության դեմ։ Xilinx-ը խստորեն դատապարտում է այս բռնությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ արդեն սկսվել է ընկերության արտադրանքի մատակարարումների և բաշխման աուդիտը։

«Մենք սկսեցինք մատակարարումների բարդ շղթայի աուդիտ իրականացնել, որպեսզի վճռենք, թե ինչ գործողություններ կարող ենք ձեռնարկել՝ բռնության կիրառման նպատակով մեր տեխնոլոգիաների օգտագործումը կանխելու համար։ Հետաքննությունից հետո մենք մեր լիազորված դիստրիբյուտորներին հանձնարարել ենք դադարեցնել մեր արտադրանքի ապագա մատակարարումները մի քանի ընկերությունների, որոնք, ինչպես մենք հայտնաբերեցինք, ներգրավված են այս սարքավորումների ստեղծման մեջ»,-ասվում է Xilinx-ի հայտարարության մեջ։

Roketsan-ը զենքի թուրքական խոշոր արտադրող և պաշտպանական կապալառու է` տեղակայված Անկարայում։ Ընկերությունը հիմնադրվել է 1988 թ-ին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի կողմից՝ հրթիռային տեխնոլոգիաների ազգային արդյունաբերական բազայի ստեղծման համար, տեղեկացնում է Sputnik Armenia։