ՄԵՐՁԵՑՈՒՄ ԽՈՍՏՄԱՆ ՏԱՐԱԾԱՉԱՓՈՎ
Եվրամիությունը 4 տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո նոր դրամաշնորհ, որը կօգնի, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկություններին զարգանալ և դուրս գալ նոր շուկաներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից առաջ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Եվրոպական Միությունը Հայաստանին ավելի մոտ լինելու խոստում է տվել և այսօր կատարում է այդ խոստումը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության տեսլականը ներկայացվել է 2023 թվականի հոկտեմբերին։ «ԵՄ-ն նախատեսում է ներդրումներ կատարել Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծում, դեպի Եվրոպա մաքուր էներգիայի արտահանման, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և միջոցներ մշակել առևտրի տարբերականացման համար»,- նշել է Ֆոն լեր Լյայենը: