Логотип

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող ամենամեծ քաղաքին. կա 9 զոհ, շուրջ 30 վիրավոր

Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի ուղղությամբ իսրայելական լայնածավալ ավիահարվածների հետևանքով 9 մարդ է զոհվել, շուրջ 30-ը վիրավորվել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը:

Գրոհից առաջ ՑԱԽԱԼ-ը հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ պահանջել էր տարհանել քաղաքի բնակիչներին, այդ թվում քրիստոնեական թաղամասերի: Առավել հզոր հարված է հասցվել Տիրի արևելյան ծայրամասին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին ռազմական գործողությունների սրացումից ի վեր այս հարձակումը ամենամահաբերներից է:

«Թշնամական օդուժը հարձակվել է Ջումբլատա հրապարակի տարածքի վրա, դեպքի վայր են մեկնել փրկարարները», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են խիտ բնակեցված թաղամասում, որը հարվածների է ենթարկվել երեկ ուշ երեկոյան: Այնտեղ գրանցվել է մահվան 9 դեպք, ևս 28 մարդ վնասվածքներ է ստացել։

Լիբանանի մշակույթի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 7-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով տուժել են Տիրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնագույն հնագիտական համալիրի օբյեկտները: Գերատեսչության տվյալներով՝ հարվածը հասցվել է հնագիտական օբյեկտի մուտքի տեղանքում, որը հայտնի է որպես «քաղաքային օբյեկտ», վնասվել են պատմական շենքը, հնությունների գլխավոր վարչության գրասենյակները, համալիրի տարածքի մուտքը, ինչպես նաև առանձին հնագիտական տարրեր`սյուներ ու խոյակներ։

Sputnik Արմենիա