Последние новости

Դավիթ Շահնազարյան․ Փաշինյանի հեռացումից հետո կձևավորվի մի նոր մարմին՝ հակաճգնաժամային կառավարություն

Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ շարունակելու է կատարել այն առաքելությունը, ինչի համար 2,5 տարի առաջ դրսի ուժերն իրեն բերել են իշխանության: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի տարածքները հանձնելու դեմ կազմակերպված բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱՊՎ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Վարչապետի և ողջ թիմի հեռացումը կստեղծի հնարավորություն, որն այսօր չունենք: Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթին. Փաստաթուղթը մի բան է, փաստաթղթի կիրառումը մի այլ բան: Վարչապետի հեռացումը հնարավորություն կտա այդ փաստաթուղթն իրականացնել ոչ այնպես, ինչպես դա այսօր նշված է: Քարվաճառի շրջանում հիմա արդեն սկսվում է հումանիտար աղետ և շատ ու շատ այլ պահեր: Մեզ հիմա չափազանց անհրաժեշտ է, որ Մինսկի խմբի եռանախագահությունը այդ ձևաչափով նույնպես անցնի գործի: Ես վստահ եմ, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում եռանախագահությունը նույնպես իր խոսքն ասելու է:

Երեկ եղավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը և այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը: Ֆրանսիայի տեսակետը հետևյալն է, որ Ղարաբաղը, նկատի ունեն ԼՂԻՄ-ի տարածքը, Ադրբեջանը չպետք է այդ տարածքներում լինի:

Մի խոսքով, մենք ունենք մեկ խնդիր՝ ստեղծել հնարավորություն, շանս, որը չկա: Դա Փաշինյանի և իր թիմի անհապաղ հեռացումն է»,-հայտարարեց Շահնազարյանը:

Նա հավելեց, որ դրանից հետո կձևավորվի մի նոր մարմին, որը կկոչվի հակաճգնաժամային կառավարություն, թե պաշտպանության պետական կոմիտե. «Նոր մարմինը կիրականցնի հետևյալ քայլերը՝ աշխատել այսօր արդեն զուտ ֆորմալ դաշնակից Ռուսաստանի հետ և այդ հարաբերությունները, որ այսօր զուտ ֆորմալ են, լցնել բովանդակությամբ, և այդ խայտառակ փաստաթղթի կիրառումը տանել ոչ այնպես, ինչպես դա աանում է այսօրվա կառավարությունը: Փաշինյանի անցնցում հեռացումը և կայունության պահպանումը մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ