Последние новости

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԼՂ ՇՈՒՐՋ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

Eadaily լրատվականն ամփոփ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային մամուլի ամենատարբեր արձագանքները:

Մասնավորապես BBC-ն, Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները բնորոշել է որպես «Ռուսաստանի և Թուրքիայի գործարք` Հայաստանի հաշվին»: Միևնույն ժամանակ, նույն աղբյուրը այդ փաստաթուղթը բնորոշել է որպես «Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտություն»:

Գերմանական Deutsche Welle պարբերականը նշել է, որ «Կրեմլը փորձում է Հարավային Կովկասում իր պարտությունը որպես հաղթանակ մատուցել»:

Կան նաև միջազգային այլ լրատվամիջոցներ, որոնց բնորոշումները տարբերվում են վերը նշվածներից:

Արաբական Aljazeera հրատարակությունը հռետորական հարց է տալիս. պատերազմն իսկապե՞ս ավարտված է: Ընդամենը 40 օրվա ընթացքում Ադրբեջանը ստացավ այն, ինչի համար պայքարել էր գրեթե 30 տարի՝ տարբեր դիվանագիտական համաժողովներում: Մինչ Ադրբեջանի ամբողջ հանրությունը էյֆորիայի մեջ նշում է «կապիտուլյացիան», երկու տասնյակ ռուսական ինքնաթիռներ խաղաղապահներ են մտցնում տարածաշրջան, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընկնում է քաղաքական անդունդը, որտեղից կարող է երբեք դուրս չգալ:

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված հոդվածում վերլուծաբան Ռեյնհարդ Ֆեզերը կարծիք է հայտնում, որ ավարտված այս պատերազմում միակ հաղթողը Պուտինն է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ շատ ավելի հեռու են վերջնական խաղաղությունից, քան սեպտեմբերին էին:

Ամերիկյան New York Times-ը Ռուսաստանի հատուկ հաջողություններ չի տեսնում: Ըստ պարբերականի, պատերազմում տեղի ունեցավ տարածաշրջանային ուժերի վերադասավորում: Ռուսաստանն ու Թուրքիան ազդեցիկ միջնորդ դարձան, իսկ Անկարան սատարեց հաղթանակած ադրբեջանցիներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ