Последние новости

AFP․ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը Ֆրանսիայի Սենատում «ընդունվելու բոլոր հնարավորություններն ունի»

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի սենատորները (խորհրդարանի վերին պալատ) կողմ կքվեարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծին: Այս նախագիծը Սենատի օրակարգում ընդգրկված է նրա նախագահ Ժերար Լարշեի խնդրանքով: Ընդունման դեպքում բանաձևը պարտադիր ուժ չի ունենա, տեղեկացնում է News.am:

Բանաձևը, մասնավորապես, պարունակում է ֆրանսիական կառավարությանն ուղղված կոչ` «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Բանաձևի նախագիծը ստորագրած հեղինակները Սենատի խորհրդարանական խմբերի նախագահներն են՝ Բրունո Ռետայոն (հանրապետականներ), Էրվե Մարսելը (ցենտրիստներ), Պատրիկ Կանները (սոցիալիստներ), Էլիանե Ասասսին (կոմունիստներ) և Գիյոմ Գոնտարը (կանաչներ): Բանաձևն «ընդունվելու բոլոր հնարավորություններն ունի»,- մեկնաբանում է France-Presse գործակալությունը:

«Սա առաջին անգամ է տեղի ունենում: Գրեթե 20 տարի առաջ Ֆրանսիան աշխարհի բոլոր ժողովուրդներից առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Անկասկած, նոյեմբերի 25-ին Սենատում մենք առաջինը քվեարկելու ենք Էրդողանի գործողությունները դատապարտող բանաձևի համար, ինչպես նաև պահանջելու ենք միջազգային հետաքննություն՝ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Բայց առաջին հերթին մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- նոյեմբերի 19-ին Sud-Radio-ի եթերում հայտարարել է «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Բրունո Ռետայոն:

Ըստ բանաձևի նախնական տեքստի, որին France-Presse-ը ծանոթացել է, սենատորներն առաջարկում են «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով կայուն խաղաղություն հաստատելու նպատակով բանակցություններ սկսելու գործիք»: Սենատորները պահանջում են նաև ադրբեջանական ռազմական ուժերի դուրսբերում այն տարածքներից, որոնք սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո զբաղեցվել են նրանց կողմից, հայտնում է RFI-ը:

Բացի այդ, բանաձևը «կառավարությանը հրավիրում է զանգվածային հումանիտար օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը», ինչպես նաև «Մինսկի խմբի շրջանակներում իրականացնել բնակչության անհապաղ պաշտպանություն՝ տեղակայելով միջազգային միջամտության ուժեր»:

Սենատորները նաև առաջարկում են Ֆրանսիայի կառավարությանը «միջազգային հետաքննություն պահանջել Լեռնային Ղարաբաղում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ», «բացահայտել Թուրքիայի իշխանությունների կողմից խաղացած դերի բոլոր դիվանագիտական հետևանքները», և իրենց եվրոպացի գործընկերների հետ միասին «քննարկել պատշաճ և վճռական պատասխանի հարցը»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ