Последние новости

ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ կառավարության հրաժարականը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ արհեստակացական կազմակերպության նախագահ, ԵՊՀ գիտխորհրդի անդամ Արմեն Ավետիսյանը։

«48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ գիտխորհուրդն ընդունեց հայտարարություն, որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը»,- նշեց Ավետիսյանը։

ԵՊՀ գիտխորհրդի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, Հայաստանում լիարժեք և ամբողջական չեն իրականացվել պատերազմի մեջ գտնվող պետության համար անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ տնտեսության, գիտության, կրթության, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում չեն գրանցվել ցանկալի արդյունքներ: Այս ամենի հետևանքները առավել ցայտուն դրսևորվեցին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին այս պատերազմի օրերին։

«Վերջին տարիներին պետական կառավարման պատասխանատու ոլորտներում ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների ընդգրկումը, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անթույլատրելի և երբեմն անդառնալի հետևանքների պատճառ դարձան»,- նշված է հայտարարության մեջ։

ԵՊՀ գիտխորհուրդն ընդգծում է՝ նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիության պայմաններում և հասարակության սպասելիքներին հակադիր ստորագրված եռակողմ հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրել է խորը ճգնաժամ, խիստ լարված մթնոլորտ։ Մայր բուհի գիտական խորհուրդը կարծում է, որ օրըստօրե խորացող անջրպետները և երկպառակությունները կարող են «կործանարար լինել պատերազմի արհավիրքի հետ բախված մեր պետականության համար, մանավանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանվել և աճելու միտում ունի»։

 «Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը»,- նշում են մայր բուհում և պահանջում վարչապետի և կառավարության հրաժարականը:

ԵՊՀ գիտական խորհուրդն առաջարկում է ձևավորել Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը բաղկացած կլինի համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ կառավարության խնդիրը լինելու է իրավիճակի կայունացումը երկրում և այնպիսի արտաքին քաղաքականության վարումը, որի կենտրոնում հայ ժողովրդի շահն է։ Գիտխորհուրդը պահանջում է նաև ողջամիտ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում։

Մայր բուհի գիտական խորհուրդը կոչով դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին՝ հորդորելով երկիրը ցնցումներից զերծ պահել։ Կոչն ուղղված է նաև հասարակությանը՝ միավորվելով պետականության գաղափարի շուրջ։

Նշենք, որ դեռ երեկ տեղի ունեցած առցանց նիստում ԵՊՀ գիտխորհրդի անդամները քննարկել էին երկրում ստեղծված իրավիճակն ու որոշել հանդես գալ հայտարարությամբ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ