Последние новости

Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արցախի ճանաչման հարցը մինչ այժմ դրվել է միայն Սենատում, ուստի ճանաչման մասին որոշումը, եթե ընդունվի, հանձնարարական է: Այս մասին նոյեմբերի 24-ին News.am-ին տված հարցազրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: «Ես չգիտեմ, թե ինչով ամեն ինչ կավարտվի, բայց կարծում եմ, որ գործընթացն ամբողջությամբ չի ավարտվի, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Կոնգրեսի բանաձևը:

Այն ընդունվել է, սակայն գործադիր իշխանության մակարդակով, նախագահը դա չի ստորագրել»,- ընդգծեց պատգամավորը: Նրա խոսքով՝ Փարիզի համար նման գործողությունները հակամարտության կողմերի, առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց են, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք մեծ գործնական նշանակություն չեն ունենա: «Բանաձևը կարող է նշանակություն ունենալ հեռանկարում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վաղ թե ուշ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ֆրանսիայի համար հեշտ է որոշում կայացնելը, նա որևէ կերպ ներգրավված չէ խաղաղապահ գործընթացում կամ Հայաստանին իրական օգնության մեջ: Որքան ինձ է հայտնի, ոչ մի պարկուճ, ոչ մի փամփուշտ փողի դիմաց կամ անվճար Ֆրանսիան Հայաստանին չի մատակարարել, ընդ որում՝ ոչ այս հակամարտությունից առաջ, ոչ դրա ընթացքում, ոչ էլ հիմա, մի բան, որը, միգուցե, ինչ-որ գործնական դեր խաղար:

Ֆրանսիայի դիրքորոշումն, ընդհանուր առմամբ, ես հարգում եմ, բայց դա այլընտրանք չէ այն ամենին, ինչ իրականացվում է, այն է՝ եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է շրջանների հանձնում Ադրբեջանին և այնտեղ նշված այլ կետերը»,- հավելեց Զատուլինը: Պետդումայի պատգամավորը բացատրեց, որ Ֆրանսիան դրանով ցույց է տալիս իր վերաբերմունքն ու համակրանքը հայկական կողմի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, բայց այս բանաձևի գործնական նշանակությունը դեռ մեծ չէ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ