Последние новости

Վանեցյան․ Փաշինյանը բազմիցս տվել է ապօրինի հրամաններ, այդ թվում՝ ԱԱԾ-ին

Նիկոլ Փաշինյանը մի «շատ լավ» հատկություն ունի. Նա իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս տվել է ապօրինի հրամաններ, այդ թվում՝ ԱԱԾ-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։

«Երբ որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ տնօրենին՝ գնա գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգի, դա ապօրինություն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է, որ ԱԱԾ-ն ազգային անվտանգության սպառնալիքներով զբաղվելու փոխարեն, գնան սատանա բռնեն, հետո էլ լկտիաբար իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ՝ ինչ եղավ, սատանային բռնեցիք, թե ոչ, վարչապետի հանձնարարությունը կատարեցի՞ք»,- հայտարարեց Ա.Վանեցյանը՝ նշելով, որ Փաշինյանն ամեն ինչ արել ու անում է պետական կառավարման մարմինների դերը նվաստացնելու, իջեցնելու, պետական կառավարման համակարգը հիմնահատակ քանդելու համար։

Վանեցյանը գտնում է, որ այսօր մեր գերեվարված և անհետ կորած զինվորների հարցով չեն կարողանում զբաղվել, որովհետև չկա պետական համակարգ, այդ մարդիկ չգիտեն ինչպես զբաղվել։

«Չեն իմանում այս մարդիկ, ոնց զբաղվեն, ոնց գտնեն։ Ես չեմ ասում, որ չեն ուզում, կարծում եմ, որ իրենք ուղղակի անկարող են, չեն կարող, իրենք փորձում են պայքարել իրենց իշխանությունը պահելու համար և վերջ, ուրիշ նպատակ իրենք չունեն »,-ասաց Վանեցյանը՝ նշելով, որ ինքը զերծ է մնացել ապօրինի հանձնարարություններ կատարելուց, զերծ է պահել համակարգը՝ ապօրինի հանձնարարություններ կատարելուց։

Վանեցյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ քաղաքականությամբ զբաղվելու մասին չի խոսել, գտնում էր, որ իր հրաժարականը պետք է լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մինչդեռ նրանք էլ ավելի են խորացրել ճգնաժամը, ավելի են քանդել երկիրը։

«ԱԱԾ, Ոստիկանություն, ՊՆ, բոլոր ուժային կառույցները, այն պետականամետ մտածող մարդկանց և համակարգերը թուլացրին, որ կարողանան կյանքի կոչել իրենց դավաճանական պլանները»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ վերջիններս պետականության հետ կապ չունեն, փողոցից իշխանական աթոռները զավթած շարքային ավանտյուրիստներ են, տեղեկացնում է ՓաստԻնֆո։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ