Последние новости

Բերձորը հանձնում են Ադրբեջանին, բնակիչներին հորդորել են մինչև նոյեմբերի 30-ը լքել քաղաքը

Բերձորը հանձնում են Ադրբեջանին, այդ մասին երեկ վարչակազմից տեղեկացրել են բնակիչներին՝ ասելով, թե հավաքեք ձեր իրերը և մինչև նոյեմբերի 30-ը լքեք քաղաքը։ Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերձորի բնակիչը։

«Վարչակազմից ասել են, որ պետք է դուրս գանք, իրերը հավաքենք, մինչև նոյեմբերի 30-ը պետք է բոլորս դուրս գանք։ Դեկտեմբերի 1-ին պետք է մարդ չլինի այստեղ», - ասաց նա։

Դիտարկմանը, թե մինչ այս որևէ խոսք չէր եղել Բերձորի հանձնման մասին, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Երեկ օրվա երկրորդ կեսին ասացին, հետո հակասական լուրեր եկան այն մասին, որ իբր թե նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է գեներալ Ռուստամ Մուրադովի հետ, որից հետո էլ՝ իբր պայմանավորվել էին, որ մնում ենք։ Հետո առավոտյան ճշտում եղավ, որ չէ՝ գնում եք։ Երեկ և այսօր մեզ լարված վիճակում պահեցին, հիմա վերջնական է որոշումը, որ գնում ենք»։

Հարցին, թե ուր են գնալու բնակիչները, մեր զրուցակիցն ասաց, թե ով՝ որտեղ պատահի։

«Ով որտեղ տեղ ունի գնալու, գնում է։ Այս հարցում որևէ ձևով որևէ ուղղորդում չկա։ Գիտենք, որ Երևանում ինչ-որ շտաբ է գործում։ Անորոշությունը վերջապես պարզվեց և հասկացանք, որ պետք է թողնենք գնանք», - ասաց Բերձորի բնակիչը։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ կոչ անելով ավելորդ շտապողականություն չցուցաբերել գույքը տներից դուրս բերելու հարցում. «Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից: Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ