Последние новости

«Ազգային անվտանգության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն

Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազությանը` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի ծառայությունը։

Իսագուլյանն ասել էր, որ Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով։ Իսագուլյանի խոսքով` այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը... Իսագուլյանն ասել էր նաև, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Փաշինյանն իմացել է դրա մեկնարկից 1.5 ամիս առաջ։

«Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն»,–նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։

ԱԱԾ–ն հորդորում է նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետողներին զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից:

ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում ԱԱԾ–ն խոստանում է համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ