Последние новости

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին նվիրված նոր նամականիշ է շրջանառության մեջ դրվել

2020 թվականի դեկտեմբերի 8-ին մարվեց և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Միրզա Դինայի» թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 12 հազար տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Դրանց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

Նամականիշի վրա պատկերված է «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») մարդասիրական կազմակերպության հիմնադիր և տնօրեն, եզդի ակտվիստ Միրզա Դինային, ով աշխատում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերի հետ: Նա հազարավոր կանանց և երեխաների է փրկել Իրաքի պատերազմի ժամանակ: Ռիսկի ենթարկելով սեփական կյանքը՝ նա անձամբ մարդկանց փրկել և տեղափոխել է ԻՊ հսկողության տակ գտնվող տարածքներից, որից հետո նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը նրանց անհրաժեշտ աջակցություն և բուժօգնություն էր տրամադրում:

Նամականիշի մարումն իրականացրին 2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյան և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:

ԲՏԱ նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը շնորհավորեց Դինայիին նման բարձր մրցանակի արժանանալու համար:

«Հուսով եմ, որ Արցախ ձեր այցի ժամանակ հնարավորոթյուն կունենաք իրականացնել ձեր մարդասիրական օգնությունը: Շնորհակալ եմ նաև «Ավրորա» հիմնադրամին՝ նման միջոցառումներ կազմակերպելու համար»,- ընդգծեց Ծատուրյանը:

ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը շնորհակալություն հայտնելով Միրզային՝ նշեց, որ համաշխարհային լեգենդները շատ են, սակայն քիչ են նրանք, ովքեր անմահացել են ազգային նամականիշների միջոցով:

«Վստահ եմ, որ այս նամականիշի շնորհիվ ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ կկարողանան ծանոթանալ մրցանակաբաշխությանն ու դրա առաքելությանը»,- ասաց Մուսայելյանը:

«ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց, որ այս նամականիշները թողարկելով՝ ընկերությունն իր աջակցությունն ու նվիրումն է հայտնում համաշխարհային մարդասիրական շարժմանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ