Последние новости

Ֆիննախ․ Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը չի ավարտվել

Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը չի ավարտվել, սակայն 2021 թվականին կարելի է ակնկալել վերականգնում: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, տեղեկացնում է News.am:

Նրա խոսքով՝ 2020 թվականը ավելի լավատեսորեն էր նախատեսվել, քան սպասվում էր, սակայն կորոնավիրուսը, իսկ այնուհետև նաև պատերազմը կատարեցին իրենց բացասական շտկումները:

Նախարարը նշեց նաև, որ կորոնավիրուսը ցնցում էր ամբողջ աշխարհի համար, և եթե մինչ այդ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կանխատեսվում էր տնտեսության աճ, ապա արդեն վերանայված կանխատեսումները միանգամայն հակառակ պաատկեր ունեն. ի հայտ են գալիս վատթարացման միտումներ և ռիսկերի աճ: «Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն անցել է: Սպասվում է, որ վերականգնումը կսկսվի 2021 թվականից, բայց կոնկրետ երբ կսկսվի և որքան կտևի, առայժմ հայտնի չէ»,- ասաց Ջանջուղազյանը:

Ընդ որում՝ նա շեշտեց, որ բացասական հետևանքների են հանգեցրել նաև Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները: «Նման պայմաններում մենք երկու անգամ վերանայել ենք 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, սակայն ոչ մի անգամ չենք քննարկել ծախսերի կրճատման մասին առաջարկները»,- նշեց ֆինանսների նախարարը:

Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականի 3-րդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն, նախնական տվյալներով, գրանցել է 9,1 տոկոս անկում՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ի սկզբանե 2020 թվականին տնտեսական աճը նախատեսված էր 4,8 տոկոս, սակայն ավելի ուշ, հաշվի առնելով հանգամանքները, վերանայվեց տարվա արդյունքներով 6 տոկոս անկման ուղղությամբ: Այդուհանդերձ, վերջին կանխատեսումներով՝ անկումը կարող է հասնել 7,9 տոկոսի:

2021 թվականի պետական բյուջեի նախագծում տնտեսական աճը նախատեսված է 3,2 տոկոս, իսկ ինֆլյացիան՝ 4 տոկոս (±1,5 տոկոս):

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ