Последние новости

Անհետ կորածների ու գերիների ընտանիքները ամսական 300 000 դրամ գումար կստանան

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքները կառավարությունից աջակցություն կստանան` չսպասելով անհետ կորածի կարգավիճակի իրավական հաստատմանը։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։

«Այս պահին գործող կարգավորումներով` օրենքով սահմանվում է որոշակի ժամանակահատված, որով պետք է այդ կարգավիճակը հստակեցվի։ Այս նախագծով` մինչև կարգավիճակի հստակեցումը առաջարկվում է 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս 300 000 դրամ աջակցություն տրամադրել անհետ կորածների ընտանիքներին»,– որոշման նախագիծը ներկայացնելով` ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա նաև նշեց, որ որոշման շահառու են հանդիսանալու այն անձանց ընտանիքները, որոնք ներկա պահին հաշվառված են ՊՆ–ի կողմից` որպես անհետ կորածներ։

Փոխհատուցումը տրամադրվելու է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը, քանի որ անհետ կորածի կարգավիճակն օրենքով հաստատվելուց հետո այդ շահառուներին հետագա փոխհատուցումները հատկացվելու են արդեն հիմնադրամի կողմից։

Իսկ մինչ այդ նշված գումարները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեից։ Կառավարության որոշման համաձայն` բյուջեից այդ նպատակով հատկացվում է 500 մլն դրամ։

Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել նաև օրենսդրության մեջ ու կրճատել անհետ կորածի կարգավիճակի տրամադրման համար նախատեսված ժամկետը։

«Որովհետև այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։ Մինչև հիմա օրենքով նախատեսված է, որ դա պետք է տեղի ունենա 1 տարի և ավել ժամկետում։ Մենք ժամկետները կրճատում ենք, որպեսզի դա ավելի արագ տեղի ունենա»,– ասաց Փաշինյանը։

Իսկ քանի որ անգամ կրճատելու դեպքում դատական վերջնական որոշումը կարող է կայացվել մի քանի ամսում, ՀՀ կառավարությունն այսօր որոշեց աջակցել անհետ կորածների ընտանիքներին` չսպասելով այդ ընթացակարգի ավարտին։

Եթե հետագայում կհերքվի զինծառայողի անհետ կորած լինելու հանգամանքը, գումարը հետ չի վերադարձվի, այլ, վարչապետի ձևակերպմամբ, կհամարվի անհատույց օգնություն այդ ընտանիքին։

Նշենք, որ նույն սկզբունքով այս աջակցությունից կօգտվեն նաև գերիների ընտանիքները։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ