Последние новости

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը 4.5 մլն դոլար է հավաքել

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) «Շուռ տանք սարերը» առցանց հեռարձակվող դրամահավաքի ընթացքում հանգանակվել է ավելի քան $4.5 միլիոն գումար։ Դեկտեմբերի 6-ի միջոցառումը փոխարինում էր ՔՈԱՖ-ի ամենամյա գալա երեկոյին, որն ավանդաբար անցկացվում էր Նյու Յորքում։ Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Գումարը ծառայելու է Հայաստանի 64 գյուղերում կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական հրատապ ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև Լոռու մարզում գերժամանակակից ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեությանը։ Հավաքված գումարն օգտագործվելու է նաև Արցախից տեղահանված և ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած ընտանիքների համար տիպարային տների կառուցման համար։

ՔՈԱՖ-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Կարո Արմենն իր ուղերձում ընդգծեց Հայաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում ՔՈԱՖ-ի առաքելությունը հրատապ խնդիրներին ծառայեցնելու անհրաժեշտությունը «Ճգնաժամի կառավարումը ՔՈԱՖ-ի ԴՆԹ-ն է։ Այսօր էլ նման հրամայականի առջև ենք կանգնած Արցախից տեղահանված 40,000 հայ մնացել է անտուն։ Խնդիրը լուծելու համար մենք պետք է նախորդ տարի հավաքագրված 6 միլիոն դոլարի նշաձողն այս տարի բարձրացնենք 20 միլիոն դոլարի։ Պետք է կացարաններով ապահովենք մարդկանց, որ խուսափենք 1988 թ երկրաշարժից հետո վագոն-տնակներում տասնամյակներով ապրողների ճակատագրից»։

Արդեն երկու տասնամյակ է՝ ՔՈԱՖ-ը Հայաստանի գյուղերի զարգացման առաջամարտիկն է, այժմ էլ հանձն է առել փոքր-ինչ թոթափելու Արցախի վրա հարձակման հետևանքով մարդկանց առջև ծառացած խնդիրների բեռը։ ՔՈԱՖ-ը նախատեսում է ժամանակավոր կացարանով ապահովել ու իր ծրագրերի մեջ ներգրավել շուրջ 2000 փախստականի։ Ժամանակավոր կացարաններով ապահովելուց հետո ՔՈԱՖ-ը ձեռնամուխ կլինի մշտական բնակարանով ապահովելլու նրանց, ովքեր չեն կարող վերադառնալ Արցախ։ Այդ մարդկանց համար հասանելի են լինելու ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերը։

«Շուռ տանք սարերը» դրամահավաք-միջոցառումը հեռարձակվել է ԱՄՆ-ի USArmenia և ARTN հեռուստաընկերությունների արբանյակային ալիքներով։ Այն վարում էին Լոս Անջելեսի FOX 11 հեռուստաընկերության մեկնաբան և հաղորդավաար Արաքսյա Կարապետյանը և ՔՈԱՖ-ի Զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանը և համաշխարհային հռչակ վայելող աճուրդավար Գաբրիել Բուտուն։

Երաժշտական ելույթներով ողջունեցին երգչուհի Իվետա Մուկուչյանը և ջութակահար Արա Մալիքյանը՝ դաշնակահար Սերուժ Գրաճյանի նվագակցությամբ։ Դա հարգանքի տուրք էր ՔՈԱՖ-ի համայնքների հերոս զինվորներին, ովքեր արցախյան 44-օրյա պատերազմում կյանքը նվիրաբերել են հայրենիքի պաշտպանությանը։ Ջութակի և թավջութակի դուետով հանդես եկան նաև հայաստանցի Վիկտորյա և Լիանա Ուլիխանյանները, վոկալային կատարումն էլ ֆրանսաբնակ Հակոբ Ղասաբյանինն էր։

Հատուկ ուղերձով հանդես եկան դերասաններ Անդրեա Մարտինը, Վիկտոր Գարբերը, Շոն Հեյսը, Յուջին Լևին, Դանիել Լևին, Թինա Ֆեյը, Մարկ Գերագոսը, Հովիկ Կեուչկերյանը, Լորի Թաթուլյանը, Քեն Դավիթյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, կատակերգուներ Մարի Բասմաջյանը, Կև Օրկիյանը, դ-ր Էրիկ Իսրայելյանը, Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանական Ադրին Նազարյանը։

«Շուռ տանք սարերը» դրամահավաք-միջոցառման տեսագրությունը հասանելի է www.coafgives.org կայքում։ Հորդորում ենք աշխարհասփյուռ հայերին դիտել ու խորությամբ ճանաչել ՔՈԱՖ-ի աշխատանքը։ Կազմակերպության նպատակն է հավաքել 5 միլիոն դոլար մինչև տարեվերջ, իսկ 2021 թ կեսերին գումարը հասցնել 20 միլիոն դոլարի։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին, տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ