Последние новости

Լավրովը պարզաբանել է՝ ինչու ԼՂ հարցով Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրեցին

ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափ պետք է ընտրեին Հայաստանն ու Ադրբեջանը, հենց դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների կազմը և այն, թե ինչու ԼՂ հարցով Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրեցին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այժմ պետք չէ մտածել այն մասին, թե ով և երբ հասցրեց կամ չհասցրեց օգնել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ՝ ձևաչափը պետք է ընտրեին Ադրբեջանն ու Հայաստանը: Հենց դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների կազմը: Եվ ոչ մի փորձ չի եղել դա անել Իրանի կամ Թուրքիայի հաշվին: Այժմ կարևոր է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել բոլոր պայմանավորվածությունները և առճակատման տարածաշրջանը դարձնել համագոյակցության, իսկ ավելի լավ կլինի՝ բարիդրացիության և համագործակցության տարածաշրջան»,-ասել է նախարարը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Իրանի խաղաղ ծրագրին ուշադրություն չհատկացրեցին:

«Լեռնային Ղարաբաղի դեպքում մենք առաջնորդվել ենք արյունահեղությանը վերջ դնելու ձգտմամբ: Հակամարտության կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, հետաքրքրություն են հայտնել դա անել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Այստեղ «հետին» միտք չկա: Ի դեպ, ես չեմ հիշում, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ գտնվելու տարիների ընթացքում իրանցի իմ գործընկերների հետ շփումների ժամանակ հետաքրքրություն առաջանա Ղարաբաղի թեմայի հանդեպ և անդրադարձ կատարվի մեր խորհրդակցությունների կամ բանակցությունների ժամանակ»,-հավելել է Լավրովը:

Նա նշել է, որ Իրանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կանդրադառնա Իրանի տարանցիկ շահերի վրա:

«Հակամարտության վերջնաարդյունք պետք է լինի ամբողջ տարաշաշրջանում հարաբերությունների կարգավորումը: Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ հստակ արձանագրված են մագիստրալ ուղղությունները, որոնք կային նաև հակամարտության թեժ փուլում առաջացած իրանական նախաձեռնության մեջ»,-հստակեցրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ