Последние новости

ԱՀ ԱԳՆ․ Ադրբեջանի սադրիչ գործողությունները շարունակվում են

2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության հրազենային վիրավորումներ, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ին Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ:

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերն անմիջապես տեղեկացվել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերի մասին: Ռուսական խաղաղապահների միջամտության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, տեղակայվել են նաև խաղաղապահ ուժերի լրացուցիչ դիտակետեր՝ իրավիճակը շուրջօրյա դիտարկելու և հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով:

Դեկտեմբերի 11-13-ը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են: Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների չկատարումը, ծայրաստիճան արհամարհական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափի նկատմամբ, Բաքվի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման արհեստական ձգձգումը և ռազմական ուժի վրա հաշվարկը շարունակում են մնալ տարածաշրջանում սպառնալիքների հիմնական աղբյուրը և տևական ու ամուր խաղաղություն հաստատման համար խոչընդոտը:

Ադրբեջանի գործողությունները, որոնք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Արցախի զգալի մասի բռնազավթումն ու էթնիկ զտումները պետք է խստագույնս դատապարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից:

Արցախի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի հետևողական ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հանրապետության տարածքի դեօկուպացիային և նրա բնակչության՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձին հասնելու նպատակով», - ասված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ