Последние новости

Պողոսյանը` Շուշիի շրջանի վերաբերյալ լուրերի մասին

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ խոսել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ։

Նա մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ։

«Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։ Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը», – ասել է նա։

Արցախի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև ստացված տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցիները 12 ժամ էին տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար։

«Տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ», – ասել է Պողոսյանը։

Նա նաև անդրադարձել է տեղեկություններին այն մասին, որ ևս 100 հայ է գերեվարվել։

«Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով», – ասել է Պողոսյանը, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ