Последние новости

ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Մովսես Հակոբյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՔԾ մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է.

«Նախօրեին «Փաստինֆո» լրատվական կայքում հրապարակվեց տեղեկատվություն, թե ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ վարույթն իրականացնող մարմնին տրամադրվել են Նիկոլ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունները, և, «Փաստինֆո»-ի բնորոշմամբ, դրա արդյունքում «վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է անելանելի վիճակում»:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ լրատվական կայքում հրապարակված վերը նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին` Մովսես Հակոբյանի հարցաքննության ընթացքում, նպատակ ունենալով առկայության դեպքում անմիջապես առգրավել կամ այլ եղանակով ձեռք բերել քննարկվող ձայնագրությունը, նախաքննական մարմինը նրանից պահանջել է այն, սակայն Մովսես Հակոբյանը ոչ միայն հստակ տեղեկատվություն չի ներկայացրել նման ձայնագրությունը տիրապետող անձի վերաբերյալ, այլ ըստ էության խուսափողական պատասխաններ է տվել այդ հարցերի կապակցությամբ, ինչը վարույթն իրականացնող մարմնին զրկել է հիշյալ ձայնագրությունն առավել վաղ փուլում հայտնաբերելու և առգրավելու հնարավորությունից:

Այսպիսով, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շրջանառումից և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահելու համար վերը նշված լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս այսուհետ նախապես դիմել և ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնի պարզաբանումները, քանի որ նման գործելաոճը «անելանելի» վիճակի մեջ է դնում ոչ թե նախաքննական մարմնին, այլ առաջին հերթին` հենց տվյալ լրատվամիջոցին»:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը լրատվամիջոցներին հաստատել էր այն տեղեկությունը, որ վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրությունները, ինչը տրամադրվել է։

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նոյեմբերի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ