Последние новости

Լարիսա Ալավերդյան․ Ռազմագերիների և անհետ կորածների հարցը քաղաքականացվում է

ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե ռազմագերիների և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը գաղտնի է, խոսում է հարցի քաղաքականացման մասին: Այն փաստարկը, թե դա արվում է մարդասիրական նպատակով, համոզիչ չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա պարզաբանեց, որ պետք է լինեն ռազմաճակատ մեկնածների, վերադարձածների, վիրավորների ցուցակներ, ինչպես նաև հայտնի ռազմագերիների ցուցակներ, և բացի նրանցից բոլոր մնացածը պետք է անհետ կորած համարվեն:

«Հայաստան 44 գերիների վերադարձից հետո Բաքուն հայտարարեց նոր գերիների մասին: Ադրբեջանն այդպիսով ոչ միայն խախտում է միջազգային նորմերը, այլ նաև հակասում է ինքն իրեն: Բաքուն ոչ միայն քաղաքականացնում է այդ հարցը, այլ նաև զբաղվում է մանիպուլյացիայով՝ դա կապելով տրանսպորտային հաղորդակցությունների բացման հետ»,-նշեց Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ երևույթի դեմ, պետք է նաև քաղաքական աշխատանք տանել, ինչը չի արվում:

«Երկրում միակ աշխատող մարմինը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է: Մենք գրագետ մասնագետներ ունենք, իսկ ահա համակարգային աշխատանք չի տարվում»,-նշեց Ալավերդյանը:

Նա պարզաբանեց, որ մինչ այս պատերազմը անհետ կորածների ընտանիքներին (որոնց թիվն ավելի քան 200 է) ևս պետք է օգնություն ցուցաբերել:

«Որքան էլ որ տարօրինակ է, վերջերս կառավարության ընդունած աջակցության միջոցները նրանց վրա չեն տարածվում»,-եզրափակեց առաջին օմբուդսմենը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ