Последние новости

Այվազյան․ Շուշին հայկական մշակութային կենտրոն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն իրարամերժ են։ Մի կողմից նա նշում է, որ ԼՂ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող սադրիչ հայտարարություններ։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Հավանաբար համակարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորել։ Այդ կապակցությամբ շատ կարևոր էր իմ` վերջերս կատարած այցն Արցախ, որտեղ քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձևավորելու և մեր աշխատանքները համադրելու հարցը»,–ասաց նախարարը։

Խոսելով առաջնահերթությունների մասին` Այվազյանը նշեց, որ առաջին հերթին հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ֆորմատով և վարել դրանք այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ դեռ նախկինում պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Բացի այդ, ըստ նախարարի, առաջնային հարց է նաև դեօկուպացիան և հայերի` իրենց բնակավայրեր անվտանգ տեղափոխումը։ Նա կարևորեց նաև միջազգային հանրության և կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումն Արցախին։

Այվազյանի խոսքով` մեր մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը նույնպես առաջնահերթությունների ցանկումէ գտնվում։

Նա անդրադարձավ Շուշիի մասին վերջերս Ալիևի հնչեցրած հայտարարություններին` ասելով, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է։

«Անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնվելու այն պնդումների հետ, ըստ որի` Շուշին դառնալու է թուրքական մշակութային կենտրոն։ Հույս ունեմ, որ կստանանք նաև միջազգային հանրության համապատասխան արձագանքը»,–ասաց նախարարը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ