Последние новости

Հայկ Դեմոյանը կուսակցություն է ստեղծում

Նոր կուսակցության ստեղծման գործընթաց է գնում: Մեր հիմնարար գաղափարներն արտացոլվելու են մեր ծրագրում, և այդ ծրագիրը մշակման փուլում է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:

«Այսօր շատ մարդիկ ստիպված են թողնել իրենց հիմնական զբաղմունքը, և մտածել իրենց ներդրումն ունենալ ստեղծված իրավիճակից դուրս գալու և երկիրը փրկելու գործընթացներին: Տարբեր կետերում տարբեր մարդիկ համախմբվում են, դա բնական գործընթաց է, բոլորին մտահոգում է այսօրվա վիճակը: Ես ակադեմիական շրջանակի մարդ եմ, գիտությամբ եմ զբաղվում, բայց, հասկանալով ի՞նչի միջով ենք անցել 100 տարի առաջ և ինչ կարող է տեղի ունենալ ապագայում, գոնե այդ տեղեկացված լինելը և գիտելիքները այդ շրջանի վերաբերյալ պետք է, որ ստիպեին ինձ այդ քայլին գնալ»,-ասաց Դեմոյանը:

Պատմաբանի խոսքով՝ այսօր մենք տեսնում ենք լիակատար բացակայություն սեփական պատմության գիտակցության և պատմությունից դասեր քաղելու:

«Մարդիկ են եկել իշխանության, որոնք փորձում են պայքարել այն ամենի դեմ ինչն ազգային է՝ կարծելով, այն ինչ ազգային է, դա հետամնաց է: Իրականում պետք է որդեգրել և պահպանել ազգայինը՝ փորձելով այն ներդաշնակ դարձնել շատ արագ զարգացող համաշխարհային գործընթացներին»,-ասաց Դեմոյանը:

Դեմոյանը վստահեցնում է, որ իրենք կտրուկ գործողությունների կողմնակից չեք, հեղափոխական կամ ջարդել-փշրելու տարբերակների կողմնակից չեն:

«Մեր հիմնարար գաղափարներն արտացոլվելու են մեր ծրագրում, և այդ ծրագիրը մշակման փուլում է: Մենք չենք ուզում դառնալ մի կենտրոն և պարտադրել մեկ այլ խմբի կամ անհատի գալ և միանալ մեզ , մենք ուզում ենք դա համընդհանուր քննարկման արդյունքում լինի, բազմաթիվ փորձաքննություններից հետո բյուրեղանա և դառնա մեկ ուղենշային ծրագիր: Մեզ համար անուն ստեղծելը կամ հորինելը առաջնային չէ, առաջնայինը գաղափար ձևակերպելն է, որից հետո կորոշենք անունը»,-ասաց պատմաբանը:

Հայկ Դեմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հստակ ժամկետներ չկան, թե երբ կուսակցությունը կստեղծվի.

«Արդեն ձևավորված կորիզ կա, պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ են անց կացվում: Հիմնական ուղենիշը մեզ համար լինելու է հանրային համաձայնությունը և համերաշխությունը»,-ասաց Հայկ Դեմոյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ