Последние новости

Երևանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն

Ապրիլի 5-ից մայիսի 5-ը Երևանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն։ Այն կազմակերպել են «Dudukman Production»-ը և դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Էմանուել Հովհաննիսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, մրցույթ-փառատոնի նպատակն է պատանի և երիտասարդ դուդուկահարների շրջանում նոր տաղանդների բացահայտումը, ինչպես նաև հայկական այս գեղեցիկ նվագարանի հանրահռչակումը:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել մինչև 22 տարեկան դուդուկահարներ աշխարհի տարբեր երկրներից։

Մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Մրցութային փուլերում մասնակիցները կներկայացնեն հայկական երաժշտության տարբեր ճյուղեր։ Առաջին փուլում մասնակիցները կկատարեն ժողովրդական մեղեդի և միջին տեմպի պարեղանակ, երկրորդ փուլում երաժիշտները կներկայացնեն հոգևոր երաժշտություն կամ Կոմիտաս և աշուղական երգի մեղեդի, իսկ երրորդ փուլում կնվագեն մեկ ստեղծագործություն ըստ ցանկության և իմպրովիզացիոն բնույթի արագ տեմպով պարեղանակ։

Մրցույթի բոլոր ելույթները կձայնագրվեն և կտեսագրվեն, այնուհետև կցուցադրվեն «Dudukman Production»-ի բոլոր սոցհարթակներում։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։ Բոլոր մրցանակակիրներին սպասվում են դրամական պարգևներ և մրցանակներ պրոֆեսիոնալ ձայնագրության տեսքով։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն անվանի երաժիշտներ։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը՝ dudukman@mail.ru, dudukman@gmail.com էլեկտրոնային հասցեներով։

Մրցույթի մասին այլ տեղեկություններ կարող եք ստանալ «Dudukman Production»-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերից։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ