Последние новости

Սեյրան Օհանյանը՝ պարգևավճարների մասին

Երբ 1992-94 թվականներին Արցախում պատերազմ էր, Շիրակի մարզի կամավորական ջոկատները թողնելով իրենց հարազատներին փլատակների տակ՝ հասնում էին ու արցախցու հետ առաջին գծում մարտնչում էին։ Երբ այստեղ երկրաշարժ էր, իսկ Արցախում պատերազմ, Արցախում թողնելով մարտական գործողությունները, աշխատանքային ջոկատները մեկնում էին Շիրակ՝ օգնելու մեր համերկրացիներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Գյումրիում մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Պետական-կառավարման համակարգը բավականին բարդ, դժվար և նաև փորձառու մարդկանց համար բավականին ուսանելի համակարգ է։ Այդտեղ կարող են հաջողությունների հասնել այն մարդիկ, որոնք փորձառու են, որոնք բոլոր աստիճանակարգերով անցել են, որոնք գիտեն՝ ում հետ ինչպես աշխատել, որոնք տիրապետում են մարդկային ռեսուրսների կառավարման տեսությնաը։ Մարդկային ռեսուրսների կառավարումն ամենադժվարն է, որովհետև յուրաքանչյուրը մի անհատականություն է, յուրաքանչյուրի հետ առանձին մոտեցում է պետք ցուցաբերել, որ կարողանանք հասնել հաջողությունների»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2018 թվականին իշխանության եկածները հուսադրող էին, սակայն հետագա հետևությունների արդյունքում հասկանալի է եղել, որ այդ մարդկանց թվացել է՝ աթոռների զբաղեցումն է կարևորը. «Իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականին, բոլորս կարծում էինք, որ եկել են ուժեր, որոնք, հաշվի առնելով նախկին ձեռքբերումները, հաշվի առնելով նաև այն թերությունները կկառուցեն մեր զարգացումը։ Իշխանության եկան մարդիկ, որոնք բավականին հուսադրող էին։ Հետագա հետևությունների ընթացքում եկել եմ այն եզրակացությանը, որ այդ մարդանց թվացել է աթոռների զբաղեցումն է կարևորը, մնացածը հենց այնպես հալած յուղի նման անցնելու է ու գնան առաջ։ Կառավարման համակարգով անցած մարդիկ գիտեն, որ հաջողությունների համար, այն էլ մեր պայմաններում, զօրուգիշեր աշխատել է պետք։ Որ իրենք աշխատանքը ցույց տան, փորձեցին համեմատություններ անել հնի ու նորի, այդ համեմատության մեջ բավականին բացասական գործունեություն ունեցան հին արժեքների ոտնահարման ուղղությամբ։ Վտանգի պահին մենք միասնական ենք, բայց մեր պատմության ընթացքում հետևյալ հետևությունն ենք արել, որ խաղաղ պայմանները ոչ միշտ է որ օգտագործել ենք ապագա վտանգներին դիմագրավելու համար։ Բայց այս 30 տարվա պատմությունը մեր նախկին բոլոր ժամանակահատվածներից տարբերվում է նրանով, որ մենք կառուցել ենք պետություն և վատ թե լավ ինչ-որ ձև առաջ էինք ընթանում»։

Օհանյանը շեշտեց, որ այսօր եթե իշխանավորներն ինչ-որ մի հաջողությունների են հասնում, ապա նախկինում ձեռք բերված գոնե միջին հատվածներում այն քրտնաջան աշխատողների, այն հայրենիքի նվիրյալների աշխատանքի արդյունքն է.

«Նրանք Կառավարության կառուցվածքը փոխեցին և հատկապես այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, էներգետիկ համակարգը, ենթակառույցները, ենթարկեցնելով անփորձառու մարդկանց, այդ ոլորտում չունեցանք հաջողություններ»։

Անդրադառնալով կառավարման համակարգում հաճախ պարգևավճարներ բաժանելուն՝ նախկին նախարարն ասաց, որ պատգևավճարը նման է շքանշանի. «Ամեն ամիս ինքդ քեզ ներկայացնես շքանշանի, դա ոչ թե սխալ է, դա նաև բարոյականությունից է դուրս։ Ես գտնում եմ, որ այս 2,5 տարիների, նաև նախկինում, նաև այսօր պարգևավճարներ ստանալու կարիք ունեն գոնե ամենակարևոր ուղղությունները՝ ուսուցիչներ, բժիշկներ, զինվորականներ, որոնք այս դժվարին վիճակում աշխատում են։ Կառավարման համակարգում, որտեղ ոչ մի հաջողություն չկա, ոչ մեկն իրավունք չունի պարգևավճարներ ստանալ, առավել ևս իրենք իրենց գրեն այդ պարգևավճարները։ Թվում էր՝ որոշակի ուշադրության կենտրոնում է բանակը, բայց բավականին ոչ հեռանկարային և ոչ լուրջ քայլեր ազդեցություն են ունեցել բանակի, հրամանատարական կազմի, բանակի կառուցվածքի և նրա զորահավաքային ռեսուսրների վրա և այդ ամենը բերել է նաև որոշակի կարգապահական անկման, էլ չեմ խոսում եկեղեցու ու մշակույթի ոլորտի նկատմամբ վերաբերմունքի մասին»։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այսօր էլ հետևանքների վերացման ուղղությամբ են գնում. «Երբ լսում ես, փորձում են նորացնել, ավելացնել ոստիկանական համակարգը, նշանակում է՝ նորից գնում են հետևանքների վերացման ուղղությամբ: Մենք պետք է կրթենք մեր հայ զավակին, մեր ՀՀ քաղաքացուն, բարձրացնենք նրա գիտակցության մակարդակը»։

Նա ընդգծեց, որ ամեն ինչ արվեց, որ պատերազմ լինի, և պատերազմի ժամանակ էլ ամեն ինչ արվեց, որ լիարժեք կառավարում չլինի. «Տարիների ընթացքում Հայաստանում երբ խոսքը վերաբերում է բանակին, բացի բանակային հիմնական գործունեությունից, նաև շեշտադրում կար այլ ուղղություններով գործունեությանը, որոնք պաշտպանական քաղաքականության մաս են կազմում, օրինակ՝ Զինված ուժերի համալրումը։ Երկրորդ ուղղությունը հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակությունն է. մի մեծ համակարգ էր ձևավորված՝ բանակի, դպրոցների, կրթության և մշակույթի, առողջապահության նախարարության, փոխադարձ կապը, ուշադրությունը Ռազմագիտության առարկային բավականին մեծ ազդեցություն էին թողնում այն մարդկանց ձևավորմանը, որոնք պետք է բանակում ծառայեին։ Հաջորդ ուղղությունը տնտեսության զարգացման մաս կազմելն է ռազմական արդյունաբերության վարչության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում։ Այս ամենը բերել է նրան, որ մենք Հայաստանում հասել էինք նրան, որ պետական մակարդակի զորավարժություններ էր անցկացվում պետությունը խաղաղ վիճակից պատերազմական վիճակի փոխադրելու»։

Նախարարը նշեց, որ այս իրավիճակը ոչ արդյունավետ կառավարման, ազգը ոչ լիարժեք չմոբիլիզացնելու, պատերազմական գործողությունների ժամանակ մխրճված հատվածներում խիստ միջոցներ չձեռնարկելու հետևանք է. «Այդ նահանջի ամբողջ ճանապարհին՝ Արցախի հարավային հատվածից մինչև ՀՀ սահմաններ, այդ ամբողջ ժամանակահատվածում դ ուղղությամբ բոլոր ղեկավարները խրախուսվել են, ստացել են բարձր կոչումներ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ ենք մենք հարցնում այսօրվա պետության ղեկավարից, եթե ամբողջ պատերազմի ընթացքում համապատասխան միջոցներ ձեռնարկվեր՝ պատերազմը կանգնեցնելու կամ շարունակելու դեպքում՝ համապատասխան վերախմբավորումներ իրականացնելու, այդ ճեղքման հատվածը փակելու, ՊԲ-ին նյութատեխնիկական ապահովման խնդիրները լուծելու, սխալների դեպքում տույժերի ենթարկելու, պատժելու փոխարեն խրախուսում է իրականացրել։ Կամ դու իրավիճակին չես տիրապետել ամբողջությամբ, խրախուսել ես այդ ամենը, կամ դու դա կատարել ես հատուկ»։

«Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների, չի կարող երկրի ներսում համախմբել ժողովրդին, նման ղեկավարությունը չի կարող բարձր գլխով միջազգային հարթության մեջ մեր երկիրը ներկայացնել ու առաջ տանել», - ասաց նա։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ առաջին խնդիրը, որը պետք է լուծվի Հայաստանում ու Արցախում, կառավարման ճիշտ համակարգի ձևավորումն է, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ