Последние новости

1303 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում

Կառավարությունն այս փուլում ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի 1303 պատերազմի մասնակից ուսանողներին, մասնակիցների ուսանող զավակներին, ամուսնուն կամ կնոջը։ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարությունը 305 մլն դրամ է հատկացրել մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով:

«1303 ուսանողներից 70-ը սովորում են միջին մասնագիտական, մյուսները` բարձրագույն ուսումնական հաստատություններում»,–նշված է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, նշվում է, որ փոխհատուցման գործընթացը շարունակական է լինելու:

Հիշեցնենք, որ փոխհատուցման մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի նիստում:

Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե սովորողն անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը, զավակները մասնակցել են մարտական գործողություններին:

Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով, կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ: Ըստ անհրաժեշտության՝ բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն), տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ