Последние новости

Անհետ կորած զինծառայողների հարազատների մեքենաները տուգանային հրապարակ են տարվել

Իրենց զավակներին գտնելու պահանջով կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրած անհետ կորած զինծառայողների հարազատների ավտոմեքենաները ոստիկանությունը տուգանային հրապարակ է տեղափոխել։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին կառավարության մոտ ակցիա իրականացնող անհետ կորած զինվորների ծնողներից մի քանիսին ընդունել են կառավարությունում, որին ներկա է եղել նաև աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որն անհետ կորած զինվորների ծնողներին ասել է՝ «շնորհակալ եղեք, որ գոնե այդ հինգ հոգուն բերել ենք»։ Պաշտոնյայի այս հայտարարությունը վրդովվեցրել էր ծնողներին, որոնք ի նշան «շնորհակալության» ծաղկեփունջ, գինի և շոկոլադ էին ուղարկել Արսեն Թորոսյանին, ապա ավտոմեքենաներով փակել Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծի պողոտայի ճանապարհը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ոստիկանությունն ակցիայի երեք մասնակցի մեքենաները տեղափոխել է տուգանային հրապարակ՝ ավտոմեքենան ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։

Անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, որի մեքենան ևս տեղափոխվել է տուգանային հրապարակ, «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այն դեռ տուգանային հրապարակում է.

«Կասեն արի տար՝ կգնամ կբերեմ, չեն ասի՝ թող մնա այնտեղ։ Ինչ կասեն, էդ էլ կանենք։ Կասեն՝ տուգանք վճարեք, օրինական ձևով թող ներկայացնեն, թե տուգանքն ինչի՞ համար է, ի՞նչ չափի է, ես կվճարեմ։ Ես չեմ էլ գնացել Գայի»,- ասաց Ղուկասյանը։ Նրա դիտարկմամբ՝ ոստիկանությունն ունեցել է հատուկ հրահանգավորում իր մեքենան տուգանային հրապարակ տանելու համար։

«Փորձեցինք ամեն ինչ անել, որ չտարվի, բայց ասացին, որ հրաման է, պետք է կատարվի, այդքանով սահմանափակվեցինք։ Ես ուրիշ մեքենայով ծնողիս տուն եմ տարել»,- ասաց Արսեն Ղուկասյանը, որի մայրը երեկ իրեն լավ չէր զգում, խնդրել էր, որ ակցիան դադարեցվի ու որդին էլ իր հետ տուն գնա։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Էմիլ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ հարազատների մեքենաները տուգանային են տարել ոստիկանները՝ պարեկային խմբի ուղեկցությամբ։

«Ակցիայի ժամանակ եկանք համաձայնության, որ դադարեցնում ենք, որ չխանգարենք ոչ մեկի, պայմանավորվեցինք, որ հանգիստ դուրս ենք գալիս։ Արսենն ուզում էր մորը տուն տանել, դուրս եկավ, հասավ փողոց, կանգնեցրեցին, որ կառավարության մոտ ճիշտ տեղում չես կայանել մեքենան , ուստի մեքենան պետք է գնա տուգանային հրապարակ։ Արմենի մեքենան էլ Զաքյան փողոցի վրա էր կայանվել, որին ոչ միայն ՃՈ-ն, այլև պարեկային խումբն է ուղեկցել տուգանային։ Երրորդ մեքենան էլ հետո է տարվել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը, որի մեքենան տարվել է տուգանային, արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում էր Արցախում՝ մի քանի այլ ծնողների հետ միասին մասնակցում էր անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներին։ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել են նրա եղբայրն ու եղբորորդին, որոնցից տևական ժամանակ որևէ տեղեկություն չեն ունեցել։ Դեկտեմբերին հաջողվել է գտնել նրա եղբոր դին, իսկ եղբորորդին համարվում է անհետ կորած։

Փետրվարի 11-ի ակցիային մասնակցել է նաև Ա.Ղուկասյանի մայրը։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր և խնդրել էր որդուն տուն գնալ։ Անհետ կորած զինվորների հարազատները որոշել էին դադարեցնել իրենց բողոքի ակցիան, ինչից հետո էլ ոստիկանությունը նրանց մեքենաները տեղափոխել է տուգանային հրապարակ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ