Последние новости

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷ, ԱՅԼԵՎ ԱՌԱՋ Է ԲԵՐԵԼՈՒ ՀԱՐԳԱՆՔԻ ՊԱԿԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի 3 նախապայման. Արցախի հարց, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարում կամ, իրենց ձևակերպմամբ, Կարսի պայմանագրի վերաճանաչում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Անդրադառնալով ԱԳ նախարարի այն հայտարարությանը, որ Թուրքիան այլևս Հայաստանի սահմանը փակ պահելու պատճառ չունի՝ թուրքագետը նկատեց, որ դա տարակուսելի է:

«Հույս ունեմ, որ նախարարը պարզապես ճիշտ կամ հարմար ձևակերպումներ չի գտել իր միտքն արտահայտելու համար, իսկ եթե իրոք արտգործնախարարը այդպես է մտածում, ուրեմն նա գտնվում է խոր անտեղյակության կամ ինքնախաբեության մեջ, որովհետև Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երբեք չի հրաժարվել իր մյուս նախապայմանից: Ճիշտ է, Արցախի հարցն իրենք ռազմական ագրեսիայի միջոցով լուծել են, բայց Հայոց ցեղասպանության խնդիրը շարունակում է մնալ իրենց քաղաքական առաջնահերթությունը»,- ասաց Մելքոնյանը:

Թուրքագետը վստահ է, որ այս դիրքից հանդես գալով, երբ Ազգային ժողովում արտգործնախարարը հայտարարում է, որ Արցախը որպես խոչընդոտ այլևս չկա, ապա ինչու Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատում, դա ոչ միայն թուլացնում է մեր դիրքերը, այլև խոսում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու և թուրքական ոճի վերաբերյալ մեր թյուր պատկերացումների մասին:

«Թուրքիան փորձելու է հասնել մաքսիմումի, տեսնելով հայկական այսօրվա պետականության թույլ դիմադրողականությունը, արտաքին քաղաքականության թույլ վիճակը, բնականաբար, փորձելու է առաջ տանել երկրորդ նախապայմանը և հասնել իր համար այդ կարևոր խնդրի լուծմանը՝ հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: Այնպես որ, ստեղծված իրավիճակում Թուրքիան շարունակում է Հայաստանի հանդեպ մնալ ագրեսիվ քաղաքականություն իրականացնող պետություն, միգուցե մի քիչ քողարկված հայտարարություններով, բայց այդ ագրեսիան շարունակվում է, իսկ Հայաստանի կողմից նման ոճի որդեգրումը, կարծում եմ, ոչ միայն պարտվողականության ցուցադրում է, այլև անհեռատեսության և մարտահրավերները ճիշտ չբնութագրելու հետևանք»,- ասաց Մելքոնյանը:

Դիտարկմանը, թե որքանով է բարոյական ունենալ գերիներ և խոսել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումից, Մելքոնյանը նկատեց, թե որքանով է բարոյական արևելքում, որտեղ գտնվում ենք մենք, հաշվի չառնել ինքնասիրության, արժանապատվության հանգամանքները:

«Այս տարածաշրջանում կան ավանդական արժեհամակարգեր, որոնք ունեն որոշակի դրսևորումներ և դրանցից ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը շատ կարևոր տեղ են զբաղեցնում: Եթե այդ լույսի ներքո ենք նայում, իհարկե բարոյական չէ խոսել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման մասին՝ ունենալով գերիներ, բազմաթիվ անհետ կորածներ և աճյուններ, որոնք դեռևս հնարավոր չէ հանձնել հողին: Այսինքն` այս պարագայում, չտեսնել լուրջ խնդիրները, որոնք վերաբերում են բարոյականությանը, ազգային արժանապատվությանը ու խոսել տնտեսական հարաբերությունների, առևտրի մասին, ոչ միայն բարոյական չէ, այլև բանակցող կամ հակառակորդ կողմում առաջ է բերելու հարգանքի լրջագույն պակաս Հայաստանի և Հայաստանի կողմից բանակցող անձանց հանդեպ»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ