Последние новости

Երվանդ Վարոսյան․ Իշխանությունն ուզում է Հայաստանը վերածել ցածրորակ բռնապետության

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանելու նախագծով իշխանությունն ուզում է Հայաստանի Հանրապետությունը վերածել ցածրորակ բռնապետության։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Հերթական նախագիծն է, որը տեղավորվում է իրենց տրամաբանության մեջ։ Հերթական մահակն է լինելու, որով ճնշելու են խոսքի ազատությունը, և միջազգային կառույցներն էլ հերթական անգամ կուլ են տալու։ Իսկ թե ո՞րն է լինելու այս անգամ գինը, որն այս իշխանությունները վճարելու են այդ օտարներին՝ լռության դիմաց, դա էլ կիմանանք այնպես, ինչպես իմացանք Արցախի ճակատագիրը։ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասկացել, որ իր անփառունակ իշխանությունն ավարտված է»,- նշեց փաստաբանը։

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ այս նախագծով իշխանությունը փորձում է քաղաքական հարց լուծել. «Փաշինյանն ընդամենը փորձում է այս էժանագին միջոցներով, մարդկանց տուգանելով, բերանները փակելով՝ իր անփառունակ իշխանությունը շարունակել։ Այս ապիկար իշխանությունը 7 կաշի քերելու է այն ժողովրդից, որը խաբվելով իրեն բերեց իշխանության»։

Երվանդ Վարոսյանն ասաց, որ նախագծի՝ կյանքի կոչվելու դեպքում, ոստիկանությանն իջեցվելու է քաղաքական պատվեր, այնուհետև էլ նախաքննության մարմնին, կառաջադրեն մեղադրանք և կփորձեն մարդկանց դատել. «Դա կիրառվելու է մահակի, պատվերի ձևով։ Քանի սրանք իշխանության են, բոլոր արժանապատիվ մարդիկ պիտի դատվեն»։

Փաստաբանն ասաց, որ ժամանակին կար իշխանության ներկայացուցչին վիրավորելու հանցակազմ, սակայն ժամանակին, ըստ Վարոսյանի, Հայաստանը գնում էր եվրոպական արժեքների և մարդու իրավունքները հարգելու ճանապարհով, և այդ հոդվածը վաղուց ապաքրեականացվել էր. «Ապաքրեականացվել էր եվրոպական այն կառույցների պահանջով, որոնք հիմա ջայլամի նման գլուխները մտցնելու են ավազը, որովհետև իրենք դեռ այս իշխանությունից ունեն ստանալու բան»։

Նշենք, որ ըստ նախագծի՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Իսկ նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ