Последние новости

Թաթոյան․ Կրակոցներ արձակած ադրբեջանցիները գտնվում են 1 կիլոմետրից պակաս տարածության վրա

Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի ուղղությամբ կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականները գտնվում են այնպիսի (անգամ 1կմ-ից քիչ) տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ դիտարկում են, որ հողատարածքներում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնում խաղաղ բնակիչները: Ամփոփելով Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր այցը` հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այցի արդյունքներով ՄԻՊ–ը 7 կետ է առանձնացրել։

«Կապանի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Կրակոցները պարբերական են` արվում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերի, պարզ լսվում են գյուղերում ու առաջացնում անհանգստություն, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների համար»,–նշված է ՄԻՊ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի գյուղերի արոտավայրները, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական ԶՈւ–ի նշանառության ներքո: Սա անհնար է դարձրել արոտավայրերից ու վարելահողերից օգտվելը։

Այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչները Թաթոյանին ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված եղել. մի շարք դեպքերում նրանք եղել են իրենց երեխաների (նաև թոռնիկների) հետ:

ՄԻՊ–ն ահազանգում է, որ այս ամենն ուղիղ վտանգներ է ստեղծում երեխաների համար: Ավելին, ադրբեջանցի զինվորականները գտնվում են Ներքին Հանդ գյուղի գործող դպրոցի անմիջական հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա:

Թաթոյանը նշել է նաև, որ ադրբեջանական զինված ծառայողների (այդ թվում՝ ադրբեջանական դրոշների ու ցուցանակների) առկայությունը Կապան քաղաքից Ճակատեն ու Սյունիքի մարզի Կապանի գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գյուղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով:

Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց։

«Նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրշոներ ու ցուցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը։ Դա նաև խաթարում է մարդկանց, այդ թվում՝ երեխաների անվտանգությունն ու խաղաղ կյանքը: Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի և ուժի ադրբեջանական սպառնալիքների ներքո մեխանիկական մոտեցումներ կիրառելու, անթույլատրելի արագ գործընթացի պատճառով»,–արձանագրել է ՄԻՊ–ը։

Բացի այդ, Թաթոյանը նաև հայտնում է, որ Կապան այցի ընթացքում գյուղերի բնակիչների հետ քննարկվել են նաև հարցեր, որոնք վերաբերում են գյուղերի բնակիչների սոցիալական աջակցության, սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովմանը:

Այցի արդյունքներով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընթանում են ամփոփման աշխատանքներ, որոնց առաջարկները կներկայացվեն պետական իրավասու մարմիններին, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ