Последние новости

ՊԵԿ․ Արտահանումը կրճատվել է 7 տոկոսով, ներմուծումը՝ 17,5 տոկոսով

2019 թվականի համեմատությամբ 2020 թվականին արտահանումը կրճատվել է 7 տոկոսով, ներմուծումը՝ 17,5 տոկոսով: Սրանք նախնալան տվյալներ են: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը: Նա հավելեց, որ 2020 թվականին 2019-ի համեմատ ԵՏՄ երկրներից ներմուծումը մեծացել է 1,3 տոկոսով, իսկ 2018-ի համեմատ՝ 20 տոկոսով, իսկ ահա երրորդ երկրներից ներմուծումը կտրուկ կրճատվել է:

«Արտահանման աճը կազմել է 3 տոկոս: Սա, մասնավորապես, վերաբերում է տրիկոտաժի արտադրության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներին: Աճի միտումը, որը դիտվել է 2019 թվականին, շարունակվել է նաև 2020 թվականին: Կորոնավիրուսը և պատերազմը բացասաբար են ազդել ներմուծումից և արտահանումից ստացվող հարկային մուտքերի վրա, բայց եթե հաշվի չառնեք ավտոմեքենաների ներմուծման համար նախատեսված գանձումները, ապա ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ 2018-ին»,- ասաց Շարաֆյանը:

Պաշտոնյան Հայաստանում բիզնեսի փակումը անվանեց շուկայական հարաբերությունների բնական գործընթաց, երբ որոշ տնտեսվարող սուբյեկտներ դադարեցնում են իրենց գործունեությունը, իսկ մյուսները հարմարվում և զարգացնում են իրենց բիզնեսը: Նրա խոսքով, գերատեսչությունը պատրաստվում է հետագայում արտոնություններ սահմանել բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար (ներմուծողներ և արտահանողներ):

ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտյոմ Կարապետյանն իր հերթին շեշտեց, որ հաշվի առնելով համավարակի ընթացքում առկա սահմանափակումները, թույլատրվել է դեղերի ներմուծումը տարեկան մեկ անգամ փոստով (5 անունից ոչ ավելի, 3 սպառողական փաթեթ քանակով):

«Այս հնարավորությունից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի: Արգելվում է փոստով հոգեմետ դեղերի ներմուծումը: Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ օգնությանը, ապա այդպիսի բեռները մաքսային ծառայությունը շատ արագ էր բաց թողնում՝ 1 ժամվա ընթացքում»,- պարզաբանեց նա: Կարապետյանը հավելեց, որ առաջիկայում կներդրվի «մեկ պատուհանի» համակարգը, որը կդյուրացնի մաքսային ձևակերպումը, քանի որ տնտեսվարող սուբյեկտներին բավական կլինի մեկ հայտ ներկայացնել: Համակարգին ինտեգրվելու են շուրջ 17 գերատեսչություններ, ինչպես նաև մասնավոր ընկերություններ, և կարիք չի լինի հայտ ներկայացնել առանձին մարմիններին:

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրների կողմից միակողմանի սահմանափակումներ մտցնելու հնարավորություններին, ապա դա, նրա խոսքով, կարող է կատարվել 6 ամսվա ընթացքում, նախապես ծանուցելով այլ երկրներին՝ այդ ժամկետները երկարացնելու հնարավորությամբ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ