Последние новости

«Էթնոմշակութային կոդը». Ռոստովի մարզում հայագիտության կենտրոն են հիմնել

Ռոստովի մարզում մտադիր են զարգացնել ռուս-հայկական հարաբերությունների գիտահետազոտական ուսումնասիրությունը և նույնիսկ հայագիտության կենտրոն հիմնել Հարավային դաշնային համալսարանում: Տեղեկությունը հաղորդում է «Արգումենտի ի ֆակտին»։

Նշվում է, որ Ռոստովի մարզում ակտիվորեն իրականացվում է «Էթնոմշակութային կոդը» նախագիծը, որը ստեղծվել է 2021 թվականին: Այն նախաձեռնել են Հարավային դաշնային համալսարանում իրավագիտության ֆակուլտետի ուսանողները։ Նախագիծը նպատակ ունի ամրապնդել ազգամիջյան բարեկամությունը  երիտասարդության շրջանում:

Հենց այս նախագծի շրջանակներում էլ օրերս բացվել է հայագիտության կենտրոնը։ Այստեղ դասախոսություններ կկարդան հայ ժողովրդի մշակույթի և պատմության մասին։ Նոր Նախիջևանի հայկական համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանը և համալսարանի ռեկտոր Իրինա Շևչենկոն համագործակցության պայմանագիր են ստորագրել:

«Շատ կարևոր է մեզ համար, որ այս նախագիծը մեկնարկում է հենց Հայաստանով, որի մասին մենք շատ բան գիտենք, բայց ավելի ենք գնահատում և սիրում այն, ինչ տեղի է ունենում Նախիջևանում, Մյասնիկյանի շրջանում և բոլոր մյուս անկյուններում, որովհետև դա պատմության առանձին էջ է մեր երկրների, մեր տարածաշրջանի և մեր համալսարանի համար»,– ասել է Շևչենկոն։

Մարզի փոխարտգործնախարար Ալեքսանդր Սկրյաբինը շեշտել է, որ Ռոստովի մարզը բավականին ուժեղ կապեր ունի Հայաստանի հետ, այդ թվում ՝ տնտեսական, և նոր պայմանագրի ստորագրումն ավելի մեծ թափ կհաղորդի տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Ակնկալվում է, որ սա սկիզբ կդառնա ավելի խորը երկկողմ հետազոտական և գիտահետազոտական կապերի ձևավորման համար, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ