Последние новости

Վարուժան Ավետիքյան․ Անհայտ կորած համարվող 803 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստանում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր սպասարկում է 1528 ընտանիքի, և կատարել է շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսական հատուցում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պահին իրականացնում է երեք ծրագիր։ 1-ին ծրագրով միանվագ և երկարաժամկետ հատուցումներ են տրամադրում զոհված և 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո, բացի հիմնական ծրագրից, հիմնադրամն իրականացնում է ևս երկուսը, որոնք ուղղված են ծանր վիրավորում ստացած և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

«Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում սատացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են միայն զինհաշմանդամություն և կարգ ստանում՝ մինչև նման կարգ ստանալը նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն և անցնեն փորձաքննության, այդտեղ որոշակի ժամանակահատված կա, որ նրանք կարող են մնալ առանց ֆինանսական միջոցների։ Կառավարության հետ մեկտեղ «Կամուրջ» ծրագիրն ենք իրենց մասով իրականացնում։ Երկրորդ ծրագիրը վերաբերում է անհետ կորած զինվորների ընտանիքներին։ Քանի որ անհայտ կորածը իրավական կարգավիճակ է, և միան դատարանը կարող է նման կարգավիճակ տալ, ասեմ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն ունեն այդ ընտանիքները փետրվարի 10-ից հետո դիմել դատարան և հայցել, որ դատարանն իրենց զինծառայողներին այդ կարգավիճակը տա, քանի որ սա ևս որոշակի ժամանակահատված է պահանջում, այս ընթացքում ևս 6 ամսով Կառավարության հետ «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրն իրականացնում ենք»,- ասաց Վարուժան Ավետիքյանը։

Ըստ նրա՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր, սպասարկում է 1528 ընտանիքի, և կատարել են շուրջ 14 մլրդ դրամի հատուցում։

«Վերջին պատերազմից հետո մինչև այս պահը մենք ունենք 1111 ընտանիք, որոց սպասարկում ենք, այդ թիվը մտնում է 1528 ընտանիքի կազմում։ 1111 ընտանիքի համար կատարել ենք շուրջ 12 մլրդ դրամի հատուցում»,- նշեց հիմնադրամի տնօրենը, ապա հավելեց

«Կամուրջ» ծրագրի ֆինանսավորման ներքո անհայտ կորած զինծառայողների 803 ընտանիքի հատուցումներ ենք կատարում՝ 6 ամիս ժամկետով, ամսական 300 000 դրամ։ Երբ զինվորը անհետ կորածի կարգավիճակ կստանա դատարանի կողմից, և ընտանիքը կգա հիմնադրամ՝ հիմնական ծրագրով հատուցում ստանալու համար, մենք կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ զինծառայողի շահառուներին, փաստացի վճարվածը կնվազեցնենք միանվագ 10 մլն դրամից, և տարբերությունը կփոխանցենք իրենց»,- ասաց Ավետիքյանը։

Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ապա այս պահին հիմնադրամում 55 շահառու կա։

«Ծանր վիրավորումների և խեղումների ցանկը սահմանված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։ 17 մլն դրամի չափով նրանց 300 000 դրամ է ամսական վճարվում։ Անցյալ շաբաթ Կառավարությունը որոշում ընդունեց, որով այդ ցանկին ավելացան այն զինծառայողները, ովքեր ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն, բայց դեռևս չեն ստացել զինհաշմանդամություն։ Տարբերությունն այն է, որ քաղաքացիական հաշմանդամություն ստանալու պարագայում, անձը համարվում է հաշմանդամ, և օգտվում է պետական բյուջեով նախատեսված որոշակի նպաստներից, իսկ զինհաշմադամի տարբերությունն այն է, որ ռազմական բժշկական հանձնաժողովի կողմից հաստատվում է պատճառահետևենքային կապը իր հաշմանդամության կամ վիրավորման և մարտական գործողությունների ժամանակ այդ վիրավորումը կամ խեղումը ստանալու հանգամանքը»,- ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը։

Ըստ Վարուժան Ավետիքյանի՝ հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճար է ստացել, աշխարհի ավելի քան 60 երկրից 9 մլրդից մի քիչ պակաս նվիրաբերություն, որից շուրջ 7,5 մլրդը 2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո։

Նշենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու կարող է համարվել այն անձը, ով մասնակցել է մարտական գործողություններին և վիրավորումը պետք է ստացած լինի մարտական հերթապահություն իրականացնելու, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ