Последние новости

ՌԲԿ. ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՆԿԱՐԱԳՐԵԼ Է ՑՈՒՅՑԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՍՑԵՆԱՐ

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ներկայիս քաղաքական ճգնաժամից հետո, որն ուղեկցվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակային ղեկավարության դիմակայությամբ, Հայաստանի զարգացման երկու սցենար է տեսնում:

Վարդանյանը հույս է հայտնել, որ վարչապետի և նրա ընդդիմախոսների հակամարտությունը զոհերի չի հանգեցնի: Նա նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի բնակիչները հիմա ստիպված են քաղաքական գործիչների շրջանում ընտրել նրանց, որոնք իրենց մեջ նվազագույն մերժում են առաջացնում:

«Սա անչափ վտանգավոր պահ է, երբ ընտրում ես ոչ թե ըստ դրական օրակարգի, այլ այն պատճառով, որ միայն թե չլինի մեկը կամ մյուսը: Ես չեմ ուզում հիմա գնահատական տալ, քանի որ Հայաստանի ներքին գործն է իր ղեկավարներին ընտրելը: Բայց հարցն այն է, որ պետք է լինի այնպիսի այլընտրանք, որը մարդիկ պետք է զգան, և տեսնեն, որ ոչ միայն մեկը կա, այլ նաև մյուսները»,- ասել է Վարդանյանը:

Բիզնեսմենի խոսքով՝ Հայաստանում անընդհատ խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան: «Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ հանգիստ, ոչ այդքան ակտիվ վայր, որտեղ կմնա 1,5-2 միլիոն մարդ, որտեղ կուղարկեն նույն 2 միլիարդ դոլարի օգնությունը (արտասահմանի հայկական սփյուռքից - ՌԲԿ): Մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ քիչ թվով մարդկանց ավելի շատ փող բաժին կհասնի, որովհետև ավելի շատ մարդ է հեռացել: Դա կլինի, ես կասեի, Աբխազիային նման երկիր»,- ենթադրում է Վարդանյանը:

Բիզնեսմենը նման սցենարը «բացարձակապես իրատեսական» է համարում, քանի որ, ըստ նրա տվյալների, արդեն այս տարի 200 հազար մարդ մտադիր է Հայաստանից հեռանալ, իսկ ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին: Հանրապետության բնակչությունը հիմա կազմում է 3 մլն մարդուց փոքր-ինչ քիչ: «Այդ մարդիկ ոտքերով են քվեարկում: Նրանք չեն հավատում, որ իրենք կամ իրենց երեխաները այս երկրում հաջողության կհասնեն»,- կարծում է նա:

Վարդանյանի խոսքով՝ նման սցենարի դեպքում երկրում կմնան պասիվ մարդիկ: Նրանք վատ կապրեն, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչից գոհ կլինեն: «Դրան (դրսից եկող փողին - ՌԲԿ) վարժվում ես: Դա նման է թմրանյութի: Որպես պարտավորեցված եկամուտ, միայն թե ոչ թե պետությունն է տալիս, այլ ձեր ազգականները»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, Վարդանյանի կարծիքով, դեռ հնարավոր է մեկ այլ սցենար, որի դեպքում Հայաստանը կդառնա պետության և հասարակության փոխգործակցության եզակի հաջող օրինակ: Սակայն այս դեպքում, ըստ գործարարի, անհրաժեշտ է սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը երկրի կյանքին: «Ոչ թե պարզապես Մոսկվայից, Պիտերից, Փարիզից կամ Լոս Անջելեսից քննադատել և ասել, թե որքան վատ է այստեղ: Կամ մի փոքր գումար ուղարկել և զգալ, որ սեփական խիղճդ մաքուր է: Պատրա՞ստ են նրանք արդյոք գալու: Ընդ որում՝ գալու ոչ թե նախարարի պաշտոնի, այլ գյուղ գալու»,- հարց է տալիս Վարդանյանը:

«Մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց մասին: Մենք չենք խոսում մի քանի տասնյակ թոփ-մենեջերների մասին, որոնք կգան Հայաստան և այն դրախտային անկյուն կդարձնեն: Սա այն ամբողջ մոդելի փոփոխությունն է, ըստ որի՝ «տղաներ, մենք ինքներս կպարզենք այստեղ, իսկ դուք երբեմն եկեք, նայեք Արարատ լեռանը, լաց եղեք, խորոված կերեք և հետ գնացեք»,- համոզված է նա:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ