Последние новости

Արա Աբրահամյան․ Նոր ճգնաժամ է լինելու

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կարծիքով` ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները գուցե ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները:

«Համատարած ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզարշավն ունեցավ տրամաբանական ավարտ: Արձանագրված են բազմաթիվ խախտումներ: Ցավոք, ինչպես կանխատեսում էի 2018-ին, և այդ կանխատեսումն իրականացավ, այնպես էլ հիմա, ակնհայտ է, որ երեկվա ընտրության արդյունքում վերարտադրված քաղաքական ուժը, ունենալով բացարձակ իշխանություն, ի վիճակի չի լինելու լուծել պետության և ժողովրդի ապագայի շահից բխող որևէ խնդիր: Կարճ ժամանակ անց մենք բոլորս առերեսվելու ենք դառը իրականությանը: Քաղաքական տեխնոլոգիաների միջոցով դարձյալ օգտագործվեց մարդկանց հավատն ու միամտությունը: Հանրությանը տարիներով սնելով կեղծ տեղեկատվությամբ, կոտրելով հավատը պետության ու վաղվա օրվա նկատմամբ, դրեցին սահմանափակ ընտրության առաջ, թույլ չտալով մտածել նոր, վստահելի այլընտրանքի մասին»,– ասված է նրա հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Աբրահամյանի խոսքով` ցավոք սրտի, մենք ականատես ենք լինելու նոր մեծ ճգնաժամի, որի մեջ հայտնվելու է մեր երկիրը:

«Քաղաքական, տնտեսական ու սոցիալական դժվարությունն էլ ավելի է խորանալու, մեծանալու է արտագաղթի ծավալը, սրվելու են լարումն ու պառակտվածությունը: Հայաստանին լուրջ ներքին և աշխարհաքաղաքական փորձություններ են սպասում»,– նշել է նա:

Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով` հիմա առավել քան երբևէ մենք հավաքական լայնախոհության կարիք ունենք մեր հայրենիքն այս իրավիճակից հանելու համար:

«Հայաստանը սիրո, համերաշխության և միասնականության կարիք ունի և ոչ թե չարության ու «պողպատի»: Ես համոզված եմ, որ, ինչպես պատմության մեջ շատ անգամ, այնպես էլ հիմա մեր ժողովուրդը կկարողանա իմաստություն և համբերություն ցուցաբերել, միավորվել և չդառնալ մեծ քաղաքական խաղերի և ներքաղաքական մանր ինտրիգների զոհ»,– եզրափակել է Աբրահամյանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ