Последние новости

Իրավապաշտպաններն անդրադարձել են Սիմոնյանի մասնակցությամբ տարածված գաղտնի տեսանյութին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ–ում հայ գերիների պաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը մանրամասն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում տարածված գաղտնի նկարահանված տեսանյութին և այնտեղ հնչեցրած կարծիքներին և հայտարարություններին։ Այս մասին նրանք գրել են Facebook սոցիալական ցանցում։

Նախ, նրանք անթույլատրելի են համարել առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը:

«Միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելիս անհրաժեշտ են մանրակրկիտ ու կոնկրետ տվյալներ, այլ ոչ թե հայտարարություններ ու պնդումներ։ Ուստի, բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով»,– նշել են իրավապաշտպանները։

Նրանք հավելել են, որ նման հայտարարություններն ադրբեջանական կողմը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների առջև, այդ թվում՝ դատական, ի շահ իրեն և ի վնաս՝ հայ գերիների իրավունքների:

Վերջիններիս հիշեցրել են, որ Սիմոնյանը նաև իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին։

Ընդգծել են` բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար:

Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների և հնչած որակումների կապակցությամբ արձանագրվել է, որ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկույցին վերագրել է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշել է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր, մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին:

«Զեկույցում գերիներից որևէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ երբևէ չի հրապարակվել։ Տեղեկացնում ենք, որ զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով, խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին»,– շեշտել են Թաթոյանը, Սահակյանն ու Զեյնալյանը և հավելել, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարանջատել փաստահավաք աշխատանքը և հանցակցությունը։

Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում և չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։

Իրավապաշտպանները շեշտել են, որ դրա փոխարեն համատեղ արտահերթ հրապարակային զեկույցով վեր են հանվում այն օրինաչափությունները և խոշտանգման այն ընդհանուր ձևերը, որոնք, որպես կանոն, կիրառվել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում։ Միաժամանակ, համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը նշում է, որ գերիների նկատմամբ կիրառված բռնության ձևերն ու միջոցները յուրաքանչյուրի դեպքում եղել են տարբեր և այդ ամենի մասին հայրենադարձված հայ գերիները նաև տարբեր ԶԼՄ–ներին են ներկայացրել։

ՄԻՊ–ը և ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերի պաշտպաններն ընդգծել են` հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ