Последние новости

Իշխան Սաղաթելյան․ Մենք ձախողելու ենք Հայաստանը ծնկի բերելու և թուրքացնելու ծրագիրը

Հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել ընդհանուր փաթեթի մեջ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք առհասարակ դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով և ինչի՞ հաշվին։ Գտնում ենք, որ այս իշխանությունները ի վիճակի չեն ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Եթե իրենք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա նախկինում նաև բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ և կորուստներ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, բայց Հայաստանը նույն Հայաստանը չէ պատերազմից հետո, հետևաբար նրանք երկիրը տանում են մի շատ վտանգավոր ցիկլ։ Եթե առաջինի դեպքում իշխանությունների բանակցությունների հետևանքով ունեցանք Արցախի տարածքների մեծ կորուստ, այս պարագայում Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- ասաց Սաղաթելյանը։

ԱԺ փոխնախագահի խոսքով` ՀՅԴ-ն, անկախ նրանից՝ եղել է իշխանություն, թե ընդդիմություն, իր հարցերի և տեսակետների մեջ երբեք փոփոխություն չի ունեցել։

«Մենք ըմբռնումով ենք մոտեցել Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իմաստով։ Մենք նախապայման չենք դրել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, որից հետո նոր տեղի ունենա բանակցությունները, բայց որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է, և կապ չունի՝ որ իշխանության օրոք կլինի»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հավելեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն իրենց համար կարմիր գիծ է, ու շեշտեց, որ այս մասով արմատական գործողություններ կլինեն։

«Մենք ձախողելու ենք այս օրակարգը, այս ամեն ինչը վիժեցնելու ճանապարհը դիմադրողականությունն է։ Սփյուռքը, Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով և ազգային բազմաթիվ ուժեր այս օրակարգը չեն հանդուրժելու, որովհետև սա Հայաստանը ծնկի բերելու և թուրքացնելու ծրագիր է»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` լավ ապրելու լոզունգների տակ Հայաստանը տանելու են թուրքացման։ Դա է վկայում այն, որ արդեն խոսում են ավիաընկերություններ բացելու մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։

Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ