Последние новости

ՌԴ-ն պաշտոնական արձագանք է ակնկալում Բաքվից և Երևանից. Զախարովան՝ ԵԱՀԿ ՄԽ-ի այցի մասին

Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին դրա մանդատին համապատասխան, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ծագել են 2020 թվականից հետո։ Մեր դիրքորոշումն ամբողջությամբ կիսում են Մինսկի խմբի գործընկերները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, դա արտացոլվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում արձանագրվել է Բաքվին և Երևանին ուղղված կոչը՝ ամենամոտ ժամանակում համանախագահներին ընդունել տարածաշրջանում, ինչը թույլ կտա գնահատել իրավիճակը անմիջապես տեղում, շոշափելի առաջընթացի հասնել մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների ժամանակ:

Զախարովան նշել է, որ 2021 թվականի սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հիշյալ շփումների արդյունքում համանախագահները 2021 թվականի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում երկու նախարարներին փոխանցել են հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկություններ։

«Դա ուղղված էր հրատապ մարդասիրական խնդիրների և հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։ Մենք պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի վերաբերյալ»,-եզրափակել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ