Последние новости

Սողոմոն Թեհլերյանի արձանի հեղինակ․ Մենք հո թուրքի ուզածով չե՞նք շարժվելու

Արդեն մի քանի օր է մամուլում, սոցիալական ցանցերում տեղեկատվություն է շրջանառվում Մարալիկ քաղաքում Սողոմոն Թեհլերյանի արձանի ապամոտնաժման մասին: Պաշտոնական որևէ տեղեկատվություն՝ հերքում կամ հաստատում այդ մասին չկա, սակայն քաղաքացիների շրջանում մտավախություն կա, որ եթե նման խոսակցություններ կան, ուրեմն ինչ-որ տեղ նման հարց քննարկվել է:

Panorama.am-ի հետ զրույցում Անի խոշորացված համայնքի, որի մեջ մտնում է նաև Մարալիկ քաղաքը, ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ իրենք նման դիմում չեն ստացել, իսկ «կողքի խոսակցություններին ուշադրություն չի դարձնում»:

Հուշարձանի հեղինակը՝ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը մեզ հետ զրույցում նույնպես ասաց, որ պաշտոնական որևէ տեղեկություն չունի, ապա նշեց, որ ինքն այդ հուշարձանը տվել է ժողովրդին, տերը ժողովուրդն է և ինչպե՞ս կարելի է թուրքի ցանկությամբ շարժվել:

«Մեր վրիժառուն է, մեծ կերպար է, եզակի հերոս է Սողոմոն Թեհլերյանը և ինչպես կարելի է ապամոնտաժել: Պատմական ճշմարտություն է: Մենք հո թուրքի ուզածով չե՞նք շարժվելու, թուրքի ուզածով Հայոց ցեղասպանությունը կարո՞ղ է անտեսվի, ղարաբաղյան հակամարտության հարցը: Ինչպե՞ս կարելի է»,- ասաց արվեստագետը:

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը 1921 թվականին մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ 1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլերյանին բացատրել է, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թալեաթին սպանելուց հետո. «Թիվ մեկ ազգասպանի գանգը կպայթեցնես և չփորձես փախչել. կկանգնես տեղում` ոտքդ սատակի վրա ու կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն»:

Մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Դատարանում նրան պաշտպանել է Յոհաննես Լեփսիուսը:

1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը արդարացրել է նրան:

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հրապարակում կանգնեցված Սողոմոն Թեհլերյանի արձանը հենց այդ տեսարանն է ներկայացված՝ Թեհլերյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը։

Հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում 2015 թվականի ապրիլի 22-ին։ Կառուցվել է բարերար Յուրա Հովհաննիսյանի աջակցությամբ։ Բրոնզաձույլ հուշարձանն ունի 4 մետր բարձրություն։

Սողոմոն Թեհլերյանին նվիրված հուշարձաններ կան նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ