Последние новости

ԱԱԾ․ Նարեկ Մանթաշյանը կալանավորվել է

2020 թ-ի նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում, պետական այլ կառույցներում ու հասարակական վայրերում անկարգությունների գործով մեղադրանք է ներկայցվել ևս երկու անձի։ Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, այդ անձինք «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանն ու Գ.Գ.–ն են։

Ըստ քրեական գործի նյութերի` Նարեկ Մանթաշյանը, գտնվելով կառավարության շենքում, ուղիղ եթերում աշխատող լրատվամիջոցներով հայտարարել է, թե պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել փակել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, կառավարական կեցավայրը և պաշտոնատար անձանց նկատմամբ բռնի գործողություններով թույլ չտալ վերջիններին լքել երկիրը։

ԱԱԾ–ն նաև հայտնում է, որ դրանից հետո Մանթաշյանն անձամբ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան` որպես կազմակերպիչ վերահսկելու իր կոչի իրագործումը:

Կառավարության շենքում զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ գործով մյուս մեղադրյալ Գ. Գ-ն, ևս Մանթաշյանի հետ շարժվել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան։ Այստեղ վնասել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի մուտքի դուռն ու պատուհանը, ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման և դիմավորման սրահ, կոտրել են պարսպի ճաղավանդակի ամրակները, մտել թռիչքուղի, մտել թռիչքի պատրաստվող օդանավ, խուզարկել այն` խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի և առողջության համար:

Բացի այդ, Նարեկ Մանթաշյանի կազմակերպած անկարգությունների մասնակիցներից ավելի քան 50 հոգի կառավարության շենքից շարժվել են կառավարական կեցավայր, վնասելով բացել մուտքի դարպասները, ներխուժել ՀՀ վարչապետի առանձնատուն՝ ոչնչացնելով ու վնասելով այնտեղ գտնվող գույքը, հափշտակել տարբեր իրեր:

Ըստ քրեական գործի նյութերի, Նարեկ Մանթաշյանը, կառավարության շենքի երրորդ հարկի միջանցքից հափշտակել է փայտյա ձողին ամրացված շուրջ 55 000 դրամ արժողությամբ ՀՀ դրոշը և դուրս բերել շենքից:

Նարեկ Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշյալ մեծածավալ քրեական գործից արդեն անջատվել է 10 քրեական գործ` 29 անձի նկատմամբ։ Դրանք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ դատարան ներկայացնելու միջնորդությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք` 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել. ցուցարարները ներխուժել էին կառավարության և խորհրդարանի շենք, ծեծի ենթարկվել ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ