Последние новости

ԿԽՄԿ․ Պատերազմից հետո 300 հայ և ադրբեջանցի դեռևս անհետ կորած են համարվում

2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հետպատերազմական իրավիճակում արվող աշխատանքներին և դրանց արդյունքներին։

«Շուրջ 300 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով։ 2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մասունքներ։ Դրանից հետո սկսվել է մասունքների նույնականացման և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը»,-ասվում է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Նշվում է, որ ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ համատեղ աջակցել է աճյունների որոնման աշխատանքների անցկացմանը՝ տեղական փրկարարական խմբերին աջակցելով։

ԿԽՄԿ-ի ականների, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և հրաձգային զենքի տարածաշրջանային մասնագետների ղեկավար Քրիստոֆեր Փուլը հայտնել է, որ փրկարարական խմբերի աշխատանքի պայմանները չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը ականներով և չպայթած զինամթերքով է լեցուն։ Դրան գումարվում են նաև եղանակային պայմանները՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում:

«Մարդկանց մասունքները հանելու համար փրկարարական թիմերը մահացու վտանգի առաջ են կանգնում։ Խոսքը ոչ միայն մասունքների հետ «արժանապատիվ վերաբերմունքի», այլև նրանց հետ անվտանգ վարվելու մասին է»,-ասել է Փուլը։

Նշվում է նաև, որ ավելի քան 4500 հայ և ադրբեջանցի անհետ կորած ենհամարվում 1990-ականների հակամարտության հետևանքով:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:

Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայող և քաղաքացիական անձ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ