Последние новости

Փաստաբան․ ԲԴԽ-ն ոտնահարել է դատավոր Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը

Բարձրագույն դատական խորհուրդը ոտնահարել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«ԲԴԽ-ն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել։ Խորհուրդն այդպիսով խախտել է դատավորի սահամանադրական իրավունքը, միջամտել դատավորի՝ արդարադատություն իրականացնելուն։ Սա դատավորի անկախության դեմ ուղղված քայլ է»,- նշեց նա։

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։

Հայտնի է, որ գործով ամբաստանյալը դատական նիստին չի ներկայացել, պաշտպանյալը հայտնել է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան, դատավոր Բախշիյանն էլ ամբաստանյալին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Արսեն Սարդարյանը պնդեց, որ դատավոր Բախշիյանը կայացրել է օրինաչափ դատական ակտ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և ազատությունի զրկելու համաձայնություն տալ:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ