Последние новости

«Ազատություն»․ Որոշ մանրամասներ Փաշինյանի, Ալիևի և ԵԽ առաջնորդների հեռավար հանդիպումից

«Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների և Եվրոպական Խորհրդի նախագահի միջ երեկ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպումից։

«Զրույցի ընթացքում Շառլ Միշելն ու Էմանյուել Մակրոնը վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին», - «Ազատությանը» հայտնել է Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, հավելելով՝ «Եվրամիությունը մնում է հավատարիմ՝ շարունակելու աշխատանքը բոլոր կողմերի հետ՝ կայուն, բարգավաճ ու անվտանգ Հարավային Կովկաս կառուցելու ուղղությամբ»։

Անդրադառնալով զրույցի բովանդակությանը՝ եվրոպացի դիվանագետը նշել է՝ «ղեկավարները հիմնվել են այն առաջընթացի վրա, որ արձանագրվել էր դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, մասնավորապես՝ գերիների վերջին ազատ արձակման, անհետ կորածներին գտնելու շուրջ համատեղ ջանքերի, ինչպես նաև երկաթուղու առաջիկա վերագործարկման վրա»։

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներ, որտեղ Եվրամիությունը կարող է օգնություն տրամադրել։ Բրյուսելը, մասնավորապես, առաջարկում է աջակցություն մարդասիրական ջանքերին, բոլոր ձերբակալվածներին արագորեն ազատ արձակելու և անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ, ինչպես նաև օգնություն ականազերծման աշխատանքներին՝ փորձագիտական խորհրդատվության, ֆինանսական աջակցության և հավելյալ միջոցներ ներգրավելու միջոցով։

Բացի այդ, Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում խորհրդատվական աջակցություն տրամադրել հաղորդակցության միջոցների կառուցման, և դրանց աջակցելու համար, միաժամանակ ընդգծում, որ դրանք պետք է լիարժեքորեն հարգեն երկու երկրների ինքնիշխանությունը։ Առաջարկվում է նաև տեխնիկական աջակցություն՝ նպաստելու, որ հավելյալ տեսանելի քայլեր կատարվեն տեղում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի համատեքստում։

Բրյուսելը հաստատակամ է նպաստել նաև մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը՝ աջակցելով ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության տեղակայմանը Հայաստանում և Ադրբեջանում, «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Նշենք, որ Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունից հայտնել էին միայն, որ կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ