Последние новости

ՀՀ ԱԳՆ․ Արցախում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման դեպքերը ծրագրված են

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը համարում է միտումնավոր ու ծրագրված։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Խստորեն դատապարտում ենք փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը` Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նման քայլերը Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում»,– հայտնել է Հունանյանը:

Նշվում է, որ հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումը աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար:

ԱԳՆ–ն Ադրբեջանի կառավարության այս քայլը որակել է որպես բացահայտ մարտահրավեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը։ Այն հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ:

Հունանյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։

Հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ոչնչացման և ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ