Последние новости

ՀՀ ԱԳՆ․ Ողջունում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան առաքելություն ուղարկելու մտադրությունը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Արցախի պատմամշակութային ժառանգության կեղծման նպատակով Բաքվում հանձնաժողով ստեղծելու հարցին։

«Կարծում եմ՝ նկատել եք, որ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Ադրբեջանի մշակույթի նախարարի դիրքորոշման ու մտադրության կապակցությամբ։ Եվ այդ հայտարարության մեջ մենք խստորեն դատապարտել ենք այդ մոտեցումը։ Մեր կարծիքով՝ սա ևս վկայություն է այն բանի, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես պատմական հայրենիքում։ Եվ այստեղ իրավացի են պնդումներն այն մասին, որ սա տարիներ շարունակ տևած հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության մի դրսևորում կարող է լինել»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ սա նաև մարտահրավեր է Արդարադատության միջազգային դատարանի համար՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առումով, որտեղ շատ հստակ Ադրբեջանի իշխանություններին պարտադրվում է կանխել և պատժել վանդալիզմի և պղծման դեպքերը՝ ուղղված հայկական մշակութային, կրոնական ժառանգության դեմ։

Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը։ «Այստեղ հրամայական է դառնում ՅՈւՆԵՍԿՕ-ի միջամտությունը։ Եվ մենք ողջունել ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու մտադրությունը։ Հստակ ժամկետներ, պայմանավորվածություններ չկան, բայց կողմերը վերահաստատել են կարևորությունը՝ այդպիսի այց ունենալու տարածաշրջան։ Եվ հիմա այս հայտարարությունից հետո մենք ևս մեկ անգամ դիմում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ին, նաև նախատեսում ենք ոչ առցանց հանդիպումներ՝ քննարկելու այս հարցը։ Մեր պատկերացումներով՝ այդ այցը պիտի տեղի ունենա 1954 թվականի Հաագայի Զինված ընդհարումների դեպքում մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ կոնվենցիայի սահմանած սկզբունքներին համահունչ»,- ասաց նա, տեղեկացնում է Lragir.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ