Последние новости

ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՊԱՌՆԱԼԻՔ» ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ. ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՍՏԱՏԵԼ ԱՆԿԱՐԱՆ

Թուրքիայում վերջին հարցումները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը սպառնալիք է տեսնում Հայաստանի կողմից ու չի ուզում հայերին որպես հարևան տեսնել։ Հարցումները հաստատել են հայ փորձագետների մտավախությունները։

Հարցում Թուրքիայում

Ստամբուլի Kadir Has համալսարանը հրապարակել է Turkey Trends–2021 հետազոտության արդյունքները։ Դրա շրջանակում հարցում է անցկացվել, որը վերաբերում է նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի բնակիչների վերաբերմունքին։ «Կարծու՞մ եք արդյոք, որ Հայաստանը սպառնալիք է Թուրքիայի համար» հարցին դրական է պատասխանել 60,9 տոկոսը (22,3 տոկոսը պատասխանել է «ոչ», 16,8 տոկոսը՝ «չգիտեմ»)։ Սա ամենամեծ ցուցանիշն է նշված բոլոր երկրների շարքում, Հայաստանից հետո գալիս է Իսրայելը, հետո՝ ԱՄՆ-ն։

Հարցին, թե «կարծու՞մ եք արդյոք, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու փորձ անի» 14,4%-ը դրական պատասխան է տվել։ 66,2 տոկոսը դեմ է արտահայտվել, ևս 19,4 տոկոսը «գաղափար չունի»։

Բացի այդ, «կհամաձայնեի՞ք հայ հարևանի ընդունել» հարցին դրական է պատասխանել միայն 9,1 տոկոսը: Եվս 37,1 տոկոսը պատասխանել է «նշանակություն չունի», 53,8 տոկոսը պատրաստ չէ դրան։

Թուրքիայում 99 տոկոսը Հայաստանին թշնամի՞ է համարում

Թուրքական իշխանությունը կարող է մեկ շաբաթում փոխել հասարակության բացասական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, սակայն նրանք ձգտում են ոչ թե բարիդրացիական հարաբերությունների, այլ Հայաստանին հպատակեցնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Թուրքիայում հասարակական կարծիքը ստեղծվում է առաջին հերթին պետական քարոզչության հիման վրա։

«Եթե դու օտար լեզուների չես տիրապետում, ապա պետության պարտադրածից տարբերվող տեղեկատվություն չես կարող ստանալ։ Ազատ մամուլ երկրում երբեք չի եղել, բայց եղել են փոքր քաղաքական խմբերի (ձախեր, կոմունիստներ, մաոիստներ) առանձին թերթեր, որոնք այլընտրանքային կարծիքներ են ներկայացրել։ Հիմա դրանք էլ գրեթե չկան», - նշեց թուրքագետը։

Հայաստանի մասին տեղեկություն Թուրքիայի գրեթե բոլոր բնակիչները ստանում են պետության և հենց Ռեջեփ Էրդողանի կողմից վերահսկվող տեղեկատվության աղբյուրներից։

Վերջին տարիներին Ղարաբաղյան խնդրի հետ կապված Հայաստանի վերաբերյալ տեղեկատվական հոսքն ավելացել է։ Բայց Թուրքիայի օրակարգում Հայաստանը, միևնույն է, առաջնային նշանակություն չունի, այն միայն 4-5 շարքերում է։

Միաժամանակ Լոքմագյոզյանը կարծում է, որ եթե Հայաստանի կողմից սպառնալիք է զգում Թուրքիայի բնակիչների 61 տոկոսը, ապա ավելի շատերը ՀՀ-ին թշնամի են համարում: Նրանք կարծում են, որ Հայաստանը «սոված, աղքատ երկիր է», և եթե Թուրքիան ապրանքներ չմատակարարի, ապա բոլոր հայերը «սովից կմեռնեն»։

«Մարդկանց 60,9 տոկոսը չէ, որ Հայաստանը թշնամի է ընկալում, այլ ես կասեի` 99 տոկոսը, ուղղակի շատերը չեն կարծում, որ Երևանի կողմից սպառնալիք կա», - նշեց Լոքմագյոզյանը։

Թուրքական իշխանության ներկայիս քաղաքականությունն ուղղված է Հայաստանը ծնկի բերելուն, ինչ-որ բան պոկելուն։ Այդ երկրի քաղաքականությունն անփոփոխ է, այն մեկ օրում չի կարող զրոյացվել միայն կառավարության փոփոխության պատճառով։

«Թուրքական քաղաքականությունը կարող է մի փոքր շեղվել, բայց ուղղությունը մեկն է։ Եվ այդ ճանապարհին Հայաստանը չպետք է լինի։ Թուրքիայի քաղաքականության մեջ հարցը հենց այնպես է դրված՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը չպետք է լինեն կամ պետք է լինեն Անկարայի վերահսկողության տակ», - ասաց Լոքմագյոզյանը։

Կարգավորման ներկայիս գործընթացը բոլորովին չի նշանակում, որ թուրքական իշխանությունը կփոխի թուրք հասարակության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

Այստեղից հարց է առաջանում՝ ինչպես են Հայաստանում հարևաններին վերաբերվում հարաբերությունների ջերմացման վերջին գործընթացների ֆոնին։

Ի՞նչ են մտածում Հայաստանում

Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ այդ թեմայով հարցման տվյալներն իրենք հրապարակել են 2021 թվականի հոկտեմբերին:

Այդ ժամանակ «ո՞ր երկրներին եք համարում Հայաստանի համար ոչ բարեկամ» հարցին մասնակիցների 83,1 տոկոսը նշել էր Թուրքիան, 81,7 տոկոսը՝ Ադրբեջանը։ Պատերազմից առաջ իրավիճակը մի փոքր այլ էր։ Ադրբեջանն այդ ցուցակում Թուրքիայից առաջ էր, բայց Արցախում մարտական գործողությունները «հավասարեցրել» են այդ ցուցանիշները։

Անկարան ուզում է ոչ թե բարելավվել հարաբերությունները, այլ...

Եվ այնուամենայնիվ, Անկարայի ու Երևանի մերձեցման գործընթացը մեկնարկել է։ Դա հաստատում են բարձր մակարդակի վերջին հայտարարություններն ու երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջիկա (արդեն երկրորդ) հանդիպումը։ Այն պետք է կայանա Վիեննայում փետրվարի 24-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու արդեն մոտ տարի 30 տարի փակ (ի դեպ` Արցախի խնդրի պատճառով) սահմանի բացումը։

Հայաստանի վարչապետի լավատեսությունը նաև խոսակցություններ է ծնել Անթալիա դիվանագիտական համաժողովին նրա հնարավոր այցի մասին։ Անկարան պնդում է, որ Փաշինյանը կգա, Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է։ Բայց նույնիսկ եթե Փաշինյանը չգնա, Հայաստանի ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ, երկար տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի այդ համաժողովին:

Ընդդիմությունը խիստ բացասաբար է վերաբերվում երկու երկրների հարաբերությունների «ջերմացմանն» ու «խաղաղության դարաշրջան» բացող իշխանությանը խորհուրդ է տալիս ծանոթանալ Turkey Trends-ի հարցման արդյունքներին։

«Թուրքական իշխանության նպատակը ոչ թե որևէ հարցի կարգավորումն է, այլ արտաքին հարթակներում Հայաստանի չեզոքացումը»,-ասում է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նրա կարծիքով՝ Թուրքիայում հասարակական կարծիքները պայմանավորված են առաջին հերթին պետական քարոզչությամբ։

Դրա լավագույն ձևը երկկողմ հարաբերությունների կարգավորման իմիտացիան է, ձևական բանակցությունները։ Սա նոր երևույթ չէ Թուրքիայի համար, նրանք պարբերաբար դիմում են այդ հնարքին։ Հիմա իրավիճակը կրկնվում է։

Թուրքիան, ըստ Մանուկյանի, ձգտում է խանգարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և շարունակում է իր էքսպանսիոնիստական քաղաքականությունը։

«Այդ քաղաքականության մասին է վկայում Շուշիի հռչակագիրը, որը վավերացվել է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, ու որի վերաբերյալ Հայաստանի իշխանությունը բացարձակ լռություն է պահպանում», - ասաց Մանուկյանը:

Եվ չնայած նախապայմանների բացակայության մասին Անկարայի հավաստիացումներին՝ ակնհայտ է, որ դրանք առաջադրվել են։ Պատգամավորը նշեց, որ Հայաստանն արդեն կատարել է դրանց մի մասը։

Մանուկյանը կարծում է, որ մոտ ապագայում Թուրքիան շատ ավելի հստակ կհայտարարի դրված պայմանների մասին։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ