Последние новости

ԵՏՀ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ (ՆԱԽԱՐԱՐ) ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ ԵԱՏՄ ԻՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Եվրասիական տնտեսական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգը (ԻՏՀ), որը մշակվել է 2014 թվականից, այս տարի չի սկսի ամբողջությամբ գործել։ Պետդումայի պատգամավոր Անտոն Տկաչովի կարծիքով՝ խնդիրը նոր նախարար և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանի դիրքորոշման մեջ է, ով փաստացի դադարեցրել է դրա մշակումը, գրում է Lenta-ն։

«Եվրասիական միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի շահագործման երկար սպասված մեկնարկը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ Թեև կա բավարար ֆինանսավորում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի անդամ Անտոն Տկաչովը։ «Հանկարծ նոր նախարար և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ Վարոս Սիմոնյանը, չգիտես ինչու, փոխեց ԵՏՀ-ի ենթակա ՏՏ վարչության աշխատանքի սխեման, այն է՝ գնումների մեխանիզմը և կապալառուների մրցույթները»: Նրա խոսքով, այս որոշումները լրջորեն մտահոգում են ԵՏՀ բազմաթիվ աշխատակիցների, իրավաբանների, քանի որ դրանք կարող են հանգեցնել նոր չարդարացված ծախսերի, ինչպես նաև անորոշ ժամկետով հետաձգել ԵԱՏՄ ԻՏՀ-ի ամբողջական գործարկումը։ Բացի այդ, ավելանում են տեխնոլոգիական խափանումների ռիսկերը համակարգի արդեն գործարկված հատվածներում։

Եվրասիական միության ԻՏՀ-ն ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Հայաստանի և Բելառուսի պետական իշխանությունների համատեղ փաստաթղթաշրջանառության ամենաբարդ համակարգչային համակարգն է: Շատ պարզ ասած, դա նման է պետական ծառայությունների, բայց հինգ պետությունների համար, և առանց այս համակարգի, ԵԱՏՄ երկրների տնտեսությունների իրական ինտեգրումն անհնար է։ Այն ապահովում է մաքսային աշխատանքի թվային աջակցությունը, ներմուծման մաքսատուրքերի գրանցումն ու բաշխումը, վիճակագրության հավաքագրումը, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային միջոցների կիրառումը, ֆինանսական շուկաները, դեղերի և բժշկական սարքերի շրջանառությունը և այլն:

ԻՏՀ-ի առաջին փուլը սկսել է գործել 2014 թվականի վերջին՝ որպես արտաքին փոխադարձ առևտրի 2011 թվականին հայտնված ինտեգրացված տեղեկատվական համակարգի հետագա զարգացում: Սակայն ութ տարի անց համակարգը դեռ չի հաջողվում ամբողջությամբ գործարկել, այս պահին գործում է նախատեսված չափորոշիչների միայն քառորդ մասը։

ԻՏՀ-ի ստեղծման համար ԵՏՀ բյուջեից տարեկան հատկացվում է մոտ մեկ միլիարդ ռուբլի, որի 90 տոկոսը Ռուսաստանի Դաշնության բյուջեից է։ Ընդհանուր առմամբ, Միության անդամ երկրներն արդեն ավելի քան վեց միլիարդ ռուբլի են ծախսել ԻՏՀ-ի վրա։ «Այժմ կապալառուների համար բաց մրցույթների թափանցիկ համակարգի փոխարեն կա հավելյալ օղակ՝ միջնորդ ֆիրմա»,- իր գրառման մեջ նշել է Անտոն Տկաչովը։ «ԻՏՀ-ի մշակման խնդիրները կարող են հասկանալ և կատարել Ռուսաստանի միայն երեք-չորս ընկերությունների մասնագետները, իսկ նրանց առաջարկները, մասնագիտական մակարդակը ընտրելու և գնահատելու են «փորձագիտական կազմակերպությունից» անհայտ մարդիկ, որոնք նույնիսկ ԵՏՀ-ի աշխատակիցներ չեն։

Վարոս Սիմոնյանը անցյալ տարվա վերջին է նշանակվել նախարար և ԵԱՏՄ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ։ Մինչ այդ նա շուրջ երկու տարի զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը, մոտ ութ տարի եղել է Եվրամիությունում նախ՝ ՀՀ առևտրային ներկայացուցիչ, ապա՝ առևտրային կցորդ։ Իսկ, դատելով կենսագրությունից, ԵՏՀ նոր նախարարը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չունի մասնագիտական փորձ ու կրթություն։

ԵՏՀ կոլեգիայի ավելի ու ավելի շատ անդամներ են մտահոգվում բարեփոխումների հանդեպ պարոն Սիմոնյանի հակվածությունից, որոնց նպատակահարմարությունն ակնհայտ չէ։ ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրում հարյուրավոր հսկա տվյալների բազաներ միավորող եզակի համակարգչային համակարգը աշխարհում նմանը չունի, նույնիսկ ԵՄ փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային կառավարման համակարգը բարդությամբ և ֆունկցիոնալությամբ չի կարող համեմատվել դրա հետ։ Բարդության ամենաբարձր մակարդակի իրական ծրագրավորման առաջադրանքներից բացի, ԻՏՀ-ի անխափան աշխատանքն ապահովելու համար պահանջվում է մշտական սպասարկում և կառավարում: Բայց նոր նախարարը դեռ պատշաճ ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ ԻՏՀ-ի նույնիսկ գոյություն ունեցող հատվածները, հաշվի առնելով ՏՏ ոլորտի արագ զարգացող տեխնոլոգիաները, աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ և պարբերաբար թարմացման կարիք ունեն։ Եթե ԻՏՀ-ում համակարգչային լուրջ խափանում լինի, ապա Միության ներսում արտաքին տնտեսական գործունեության մաքսատների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կարող է անորոշ ժամանակով կանգնել:

Հետևանքներից մեկը լինելու է Հայաստանը (Վրաստանի տարածքով) միության անդամ մնացած երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հետ կապող տրանսպորտային հոսքի դադարեցումը։ Հայաստանի ապրանքաշրջանառության մեծ մասն անցնում է Վերին Լարսի մաքսակետով, և այդ ճանապարհի կանգնեցումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ