Последние новости

ԱՄՆ դեսպանությունը լուսանկար է հրապարակել՝ ի աջակցություն Հայաստանում ԵՄ դեսպանի

Երեկ ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիայից հետո, այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքի իր էջում։

«Հպարտ ենք գործակցել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ», - վերնագրված է լուսանկարը, որում պատկերված են ԱՄՆ և ԵՄ դեսպաններ Լին Թրեյսին և Անդրեա Վիկտորինը։

Հիշեցնենք, երեկ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ որևէ մեկն այդքան վնաս չի տվել Հայաստանում համամարդկային ու եվրոպական արժեքներին, որքան Հաայստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

«ԵՄ-ն վերջերս շատ վատ քաղաքականություն է իրականացնում Հայաստանում, այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, ում հետո թոշակի է ուղարկում. ոչ նախորդ դեսպանն էր մի բան, ոչ էս մի դեսպանն է մի բան», - հայտարարել էր նա։

Աշոտյանը ԵՄ գործընկերներին կոչ էր արել դադարել Հայաստանում «սպիսատ անել» դիվանագիտական անորակ կադրերին, դադարել Հայաստանում գործի նշանակել մարդկանց, որոնք, փոխանակ ներկայացնեն եվրոպական արժեքները, փոխանակ նպաստեն Հայաստանի ժողովրդավարությանը, քայքայում են այդ ամենը, դառնում գործող վարչակազմի սպասարկուները։

«Տիկին դեսպան, դուք անհայրենիք սրիկաների բերանը լեզու եք դնում, որ նրանցից մեկը ԱԺ ամբիոնից հանդգնում է հայտարարել, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։ Չէ, սիրելի հայրենակիցներ, ցավով ու կսկիծով ասեմ՝ 2021 թվականի հունիսից հետո Հայաստանի բրենդը աշխարհում նվաստացումն է, անարգանքն է, արժանապատվությունից զրկումն է ու տիկին դեսպանը մեր երկրում սպասարկում է բացառապես կապիտուլյանտ իշխանությունների շահերը», - հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահը։

Արմեն Աշոտյանը նշել էր՝ դեսպանը թաքցնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը կյանքի չի կոչում բոլոր այն բարեփոխումները, որ հանձնառություն էր առել դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ից։

Հիշեցնենք՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հավաք էր հրավիրել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև. հավաքի պատճառը դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններն են, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ