Последние новости

Հայկ Ալումյան. Ի՞նչ փաստաթուղթ կարդաց դատախազը

«Սիլվայի գործով» դատական նիստը վերսկսվեց փաստաբանների խնդրած 20 րոպեանոց ընդմիջումից հետո։ Հիշեցնենք, որ որպես մեղադրյալներ ներգրավված են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ներկայում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Մեղադրական եզրակացության ամփոփիչ մասի հրապարակումից հետո Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ընդմիջում խնդրեց, քանի որ պաշտպանության կողմին անհասկանալի էին մեղադրանքի ձևակերպումները։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից 3 մլն դոլարի չափով, իսկ Գևորգյանը՝ 1 մլն դոլարի չափով կաշառք ստանալու մեջ։ Մեղադրանքը կառուցվում է Համբարձումյանի ցուցմունքների վրա։

Ընդմիջումից հետո դահլիճ վերադառնալով՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը բողոք հայտնեց դատավորի գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դատավորը չպետք է թույլ տար փաստաբանին միջամտել ամբաստանյալի հետ դատավորի խոսակցությանը և ընդմիջում հայտարարեր՝ չհարցնելով դատախազների կարծիքը։ Փաստաբանը չհամաձայնեց դատախազի կարծիքին և կրկնեց, որ մեղադրանքն անհասկանալի է թե՛ պաշտպանությանը, թե՛ դատարանին, թե՛ մեղադրող կողմին։ «Մենք ընդմիջում խնդրեցինք, որպեսզի կոորդինացնենք, թե ով ինչ է ներկայացնելու»,- պարզաբանեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ այսօր պաշտպանությունը պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել։ Նրա խոսքով՝ դատախազը պետք է ներկայացներ մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը, իսկ նա ներկայացրեց մի ինչ-որ փաստաթուղթ, որը պաշտպանությունը չունի, և խնդրեց դատարանին պաշտպանությանը տրամադրել այդ փաստաթուղթը, եթե դատարանն ունի այն։ Դատավորը հայտարարեց, որ պաշտպանությունն այդ փաստաթուղթն ունի։ Փաստաբանը ստիպված էր կարդալ իր տրամադրության տակ եղած փաստաթուղթը և համեմատել լսածի հետ։ Այսինքն, ենթադրեց փաստաբանը, դատախազը կարդացել էր ամփոփիչ մասի ինչ-որ կտորներ։ Այդպիսի բան չպետք է լինի, մենք չպետք է ենթադրենք, թե ինչ կարդաց դատախազը, մենք պետք է ունենանք հենց այդ փաստաթուղթը, որը կարդաց դատախազը, իրավիճակը պարզաբանեց փաստաբանը։ Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը, օրենսդրությունը նման բան չի նախատեսում, շարունակեց Ալումյանը։

«Օրենքը խախտվում է ձեր աչքերի առաջ, դուք դա նորմալ եք համարում և առաջարկում եք մեզ նույնն անել»,- նշեց փաստաբանը։

Դատավորը փորձեց անցնել հաջորդ փուլին և իմանալ Քոչարյանի կարծիքը մեղադրանքի վերաբերյալ։ Ալումյանը թույլ չտվեց՝ հայտարարելով, որ հարցը սպառված չէ և հրապարակված փաստաթուղթը մնում է անհասկանալի։ Օրինակ, ձևակերպումն այն մասին, թե օգտագործվել են պաշտոնեական լիազորությունները, ո՞ր լիազորությունները։ Երկրորդ՝ ստացվում է, որ օժանդակություն է ցուցաբերվել հօգուտ Համբարձումյանի գործողություններին, և անհասկանալի է, թե ով և ինչ գործողություններ է կատարել, որոնց Քոչարյանն իբր օժանդակել է։ Այսպիսի ձևակերպումների դեպքում անհնար է պաշտպանություն կազմակերպել, ընդգծեց փաստաբանը՝ ավելացնելով, որ մեղադրանքի անհեթեթությունը պյմանավորված է նրա լղոզվածությամբ, հակառակ դեպքում վաղուց չկայացած կհամարվեր։

Որպեսզի մենք կարողանանք կազմակերպել պաշտպանությունը, կամ դուք, կամ մեղադրող կողմը՝ բացատրեք մեզ, ասաց փաստաբանը։ Դատավորը նշեց, որ դատարանը չի կարող վերաձևակերպել մեղադրանքը, իսկ դատախազները պարտավոր չեն, բայց թույլ է տալիս մեղադրող կողմին արձագանքել։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ Ալումյանի խոսքերն ըստ էության փորձ են՝ հարցականի տակ դնելու մեղադրանքը։ Դատախազն ուշադրություն հրավիրեց փաստաբանի նշած փաստաթղթի վրա և բացատրեց, որ ոչ լրիվ համընկնումը կապված է այն բանի հետ, որ մինչ այդ դադարեցվել էր մեղադրանքն այլ հոդվածով։ Դատախազ Պետրոսյանը նշեց, որ եթե ամփոփիչ մասը լրիվ հրապարակվեր, փաստաբանները հաստատ նույն կերպ կզարմանային, թե ինչու են թվարկվում այն արարքներն ու հոդվածները, որոնցով մեղադրանքը դադարեցվել է, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ