Последние новости

Դավիթ Բաբայան․ Ադրբեջանցի ժողովրդի ստեղծողն ու «ծնողը» Իոսիֆ Ստալինն էր

Ադրբեջան պետության ստեղծման գործում միահյուսվել են բազմաթիվ գործիչների անուններ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով այն հարցին, որ եթե «Ուկրաինան Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան է», ապա արդյո՞ք կարելի է համարել, որ «Ադրբեջանը Իոսիֆ Ստալինի անվան է»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման կապակցությամբ Ռուսաստանի քաղաքացիներին հղած ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսպես է բնութագրել Ուկրաինայի պետության հայտնվելու նախադրյալների ստեղծման պատմական պահը։

«Այստեղ միահյուսվել են մի քանի գործիչների անուններ։ Չափազանց շատ զուգահեռներ կան Ուկրաինայի հետ։ Տարբերությունն այն է, որ, այնուամենայնիվ, ուկրաինացիներն ու ռուսները նույն ժողովրդի մասն են։ Ազգային աշխարհաքաղաքականության սխալները հանգեցրին նրան, որ երբեմնի միասնական էթնոքաղաքական տարածքի մասերը թշնամիներ դարձան։ Դա սարսափելի է, և դա ողբերգություն է։

Արցախում խնդիրն ավելի խճճված է։ Արցախահայությունը հայտնվել է իր համար օտար քաղաքական կառույցում։ Ադրբեջանական պետությունը նույնպես արհեստականորեն է ստեղծվել։ Այստեղ հեղինակներն ավելի շատ են։ Նախ այն ստեղծվել է Օսմանյան կայսրության՝ Թուրքիայի կողմից, հեղինակներն էին նաև տխրահռչակ երիտթուրքերը, որոնք կազմակերպեցին հայերի, ասորիների, հույների, եզդիների, քրդերի ցեղասպանությունը։ Նրանք Ադրբեջանն արհեստականորեն են ստեղծել տարբեր քաղաքական նպատակներով։ Հետո տեղի ունեցավ Ադրբեջանի խորհրդայնացումը, բայց այնպես ստացվեց, որ Ադրբեջանը կարող էր անհետանալ խորհրդայնացման արշալույսին, որովհետև տեղի բնակչությունն ու բոլշևիկները չէին ուզում առանձին հանրապետություն լինել, այլ ուզում էին լինել Ռուսաստանի նահանգի մի մասը։

Այստեղ կարևոր դեր է խաղացել Միկոյանը, որը փաստացի աշխարհաքաղաքական տեսանկյունից հիմնավորել է Ադրբեջանական ԽՍՀ-ի ստեղծման անհրաժեշտությունը և դրա գոյությունը որպես Արևելքում հեղափոխության առանցքային ֆորպոստ։ Վերջնական որոշումը կայացվել է Ստալինի, Լենինի և Օրջոնիկիձեի կողմից։

Դա վերաբերում էր ադրբեջանական տարածքապետական գոյացման ստեղծմանն ու պահպանմանը։ Իսկ ադրբեջանցի ժողովրդի հայր՝ ծնող, կարելի է համարել Իոսիֆ Ստալինին։ Հենց նրա «կամային որոշմամբ» 1936 թվականին ստեղծվեց ադրբեջանական ժողովուրդը։

Մինչ այդ Ադրբեջանը ԽՍՀՄ-ի միակ հանրապետությունն էր, որի անվանումը ժողովրդից ածանցյալ չէր, որովհետև ադրբեջանցիներ պարզապես չկային։ Եվ այդ ժողովրդի ստեղծումը աշխարհաքաղաքական հրամայական էր՝ հաշվի առնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի անխուսափելիությունը, Թուրքիայի և Գերմանիայի սերտ կապերը, Կովկասում նրանց հավակնությունները, Բաքվի նավթը ստանալու ձգտումը։ Բնակչության մեծ մասը՝ մոտ 50%-ը, այն ժամանակվա Ադրբեջանում թյուրքերն էին կազմում, ինչպես նրանց անվանում են բոլոր մարդահամարներում։ Այդպես էլ ստեղծվեց ադրբեջանական ժողովուրդը։

Այդ գործընթացը մինչ օրս ավարտված չէ, ինչն էլ հենց Ադրբեջանում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և շովինիստական, նացիստական գաղափարախոսության չլուծված լինելու գլխավոր պատճառներից մեկն է», - եզրափակեց ԱԳ նախարարը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ