Последние новости

Եվրապատգամավոր․ Ղարաբաղի հարցը մնում է չլուծված

Անկախ Բաքվի միակողմանի հայտարարություններից՝ մենք պնդում ենք, որ պատերազմը առկա խնդիրների լուծում չէ։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Այս մասին փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի համանախագահ, Էստոնիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը։

Նրա խոսքով՝ կոմիտեի այսօրվա նիստի շրջանակում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ջանքերի շարունակումը՝ ղարաբաղյան հարցի վերջնական և երկարաժամկետ լուծմանը հասնելու համար։

Կալյուրանդը նաև տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում ընդգծվել է առանց բացառության բոլոր հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը։

«Մենք կշարունակենք դա պնդել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի բանտերում պահվող Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն վերադարձվել հայրենիք։ Ռազմագերիները և առհասարակ մարդկային կյանքերը չեն կարող առևտրի առարկա լինել։ Ուստի ԵՄ-ն ողջունում է ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Երևանի քայլը»,- ասաց եվրապատգամավորը։

Բացի այդ, քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձան հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին, ինչպես նաև տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքն ապահովելուն ուղղված քայլերին։ Կալյուրանդը նշեց, որ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, թե ինչպես առաջընթացի հասնել այդ հարաբերություններում, քննարկվել է նաև հաղորդակցությունների ապաշրջափակումը, երկաթուղու գործարկումը, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք կօգնեն աստիճանաբար հասնել համապատասխան լուծումների ձեռքբերման։

Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին և այսօր Վիեննայում կայանալիք հատուկ բանագնացների հանդիպմանը։

Հայաստանը, նրա խոսքով, ԵՄ-ի կարևոր գործընկերն է։

«Մենք միշտ կլինենք Հայաստանի կողքին, կնպաստենք այստեղ իրականացվող բարեփոխումներին»,- շեշտեց պատգամավորը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ